Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագնության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Հանդես գալով բացման խոսքով՝ տեսչական մարմնի ղեկավարը մասնավորապես նշել է, թե պատկերացնել սննդամթերքի անվտանգության ապահովումը առանց ռիսկերի գնահատման և կառավարման, անհնարին և անշնորհակալ գործ է: «Տեսչական մարմինն առավել նպատակային և հասցեական վերահսկողություն իրականացնելու համար պետք է հնարավորություն ունենա կիրառելու ռիսկերի գնահատման, կառավարման և հաղորդակցության արդիական մեթոդներն ու անհրաժեշտ համակարգերի գործիքակազմերը», -ասել է Գեորգի Ավետիսյանը:

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցացիան (B-FoST) սևծովյան տարածաշրջանի երկրներից անհատ գիտնականների և գիտական կազմակերպությունների շահույթ չհետապնդող ցանց է, որն աշխատում է հիմնային և կիրառական սննդի գիտության, հետազոտության և զարգացման, նորարարական տեխնոլոգիաների, սննդի բաղադրիչների, սնման և առողջապահության մեջ նոր միտումների, սննդամթերքի տեխնոլոգիայի և ինժեներիայի, սննդի անվտանգության և որակի, սննդի և կերերի շուկայի ոլորտներում։

Համաժողովը սննդագետներին, հետազոտողներին, տեխնոլոգներին, արտադրողներին և սննդաբաններին երիտասարդ գիտնականներին և ուսանողներին գերազանց և եզակի հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իրենց աշխատանքների արդյունքներն ու գյուտերը, ինչպես նաև փոխանակելու տեղեկատվություն նոր գործընթացների վերաբերյալ։

Այս միջոցառման շրջանակներում կկազմակերպվի 2 դասընթաց՝ Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման (HACCP) համակարգի յոթ սկզբունքների և սննդամթերքի արտադրությունում HACCP-ի ներդրման, ինչպես նաև սարքերի ու սարքավորումների հիգիենիկ նախագծման վերաբերյալ: