Վիրահայոց թեմի հոգևորականների առաջնորդությամբ երեկ «Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգությունը» կարգախոսով բողոքի ցույց է տեղի ունեցել Թբիլիսիում։ Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի հայ համայնքի կայքից, կիրակնօրյա պատարագից հետո հազարավոր հավատացյալներ, փակելով Հավլաբարի հրապարակը, շարժվել են դեպի հայկական Շամխորեցոց տաճարի ավերակները։ Այդ կերպ ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ, որն արդեն 25 տարի է վիրահայոց թեմին չի վերադարձնում այն վանքերը, որոնք մինչ խորհրդային Վրաստանի կողմից բռնագրավվելը պատկանում էին թեմին։

Քայլերթի մասնակիցները՝ այդ թվում և Վրաստանի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավորները, ցույցի ավարտին երկրի իշխանություններին ուղղված դիմում են ստորագրել՝ պահանջելով ողջամիտ ժամկետներում լուծում տալ հարցին։ Նրանք հայտարարել են նաև, որ եթե լիազոր պետական մարմինները մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ հստակ քայլեր չձեռնարկեն, ապա կկազմակերպվեն զանգվածային բողոքի ցույցեր և անհնազանդություններ։