«Վարչապետ դառնալու խնդիր իմ առաջ չեմ դնում»:
Ռոբերտ Քոչարյան

 

«Տեղի է ունեցել որոշակի անախորժություն։ Նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիաընկերությանը, հարցազրույցը բավականին տևական էր, և տևել է մոտավորապես մեկ ժամ։ Հրապարակման մեջ տեղ են գտել ընդամենը մի քանի նախադասություններ։ Եվ գալիք շաբաթ մենք մեդիաընկերության համաձայնությամբ պատրաստվում ենք հրապարակել հնարավորինս ամբողջական տեքստը, որպեսզի հանրությունը ծանոթանա»:
Վիկտոր Սողոմոնյան

Այո՛, Ռոբերտ Քոչարյանը, ըստ Վիկտոր Սողոմոնյանի, հարցազրույց է տվել «Bloomberg»-ին, քիչ է, հետն էլ «գուժել» է, որ չի մասնակցելու ընտրություններին…
Ինչպիսի՜ անախորժություն, ժողովո՛ւրդ ջան: Ինչպիսի անսպասելի հարված:
Տեսա՞ք, ինչ էկավ գլխներիս, տեսա՞ք, թե ո՛նց դրանք մեզ էլի քաշեցին, ի՛նչ դաժանորեն…

Բայց ինչ կեղտոտ բերա՜ն ունես դու, Վիկտո՛ր, բոթաբե՛ր բերան: Էդ բերնից միշտ սենց «գո՞ւյժ» պտի հնչի: Բա հիմա ի՞նչ ենք անելու, ժողովուրդ ջան՝ առանց Քոչարյանի մասնակցության:
Հասկանո՞ւմ ես, ժողովուրդ ջան, էդ մարդը որոշել է, որ ո՛չ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցի, ո՛չ էլ վարչապետ դառնա:
Ա՜յ քեզի անսպասելի հարված:

«Լա՜վ, էդ անջիգյար-քարսիրտ-անհոգին ինչո՛ւ է մեզ էսպես անմասն թողնում իր մասնակցությունից», -կհարցենեք դուք:
Որովհետև, բանից պարզվում է, ինքը սրտանց 100 տոկոսով համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն է հաղթելու ու վարչապետ դառնալու:
Բայց կոնկրետ ինձ շատ մտահոգեց Ռոբերտ Քոչարյանի մի ուրի՛շ ասած:
Մեջբերեմ այդ ասածը. «Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին, և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը»:

Ու այ ստեղից մի հարց է ծագում. Քոչարյանը ո՞ր երկրին է պատկանում:
Քոչարյանը ո՞ր երկրից է, որի համար Նիկոլի հաղթանակը «լրջագույն պարտություն» է դառնում:
Եկե՛ք տրամաբանենք:
Եթե մեր ժողովուրդը 80-90 տոկոսով, այսինքն՝ գրեթե միաձայն, Նիկոլի հաղթանակն ի՛ր հաղթանակն է համարում, ապա, դուրս է գալիս, որ Քոչարյանը, «մեր երկիր» ու «մեր երկրի լրջագույն պարտություն» ասելով, բոլորովին ա՞յլ երկիր նկատի ունի ու բոլորովին ա՞յլ երկրի պարտություն նկատի ունի: Ու եթե մեր հաղթանակն այդ երկրի համար պարտություն է, ապա, այս պարագայում, այս մոլորակի երկրների ցանկը՝ Գրինվիչից սկսած, Բերինգի նեղուցով պրծած, Ամերիկայից սկսած ու «Անտարկտիդայով» պրծած, կրճատվում-դառնում է ուղիղ երկու երկիր. էդ երկրներից ո՞րն է ներկայացնում պարոն Քոչարյանը…

Ինչ նորից վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի ոդիսականին՝ աշխարհի տարբեր լրատվամիջոցներով, ապա այդ ոդիսականն, այնուամենայնիվ, իր աշխարհագրական տրամաբանությունն ունի. մեր լրատվամիջոցներից անցավ ռուսական լրատվամիջոցների, ռուսականից՝ եվրոպականի: Այդ տրամաբանությունից բխում է, որ հաջորդը կլինեն հյուսիսամերիկյան լրատվամիջոցները, ապա հարավամերիկյան, ու պարոն Քոչարյանը կգա-կհասնի բաղձալի կետին՝ Անտարկտիդային: Պարոն Քոչարյանը, Վիկտոր Սողոմոնյանի ուղեկցությամբ, լավ տաք հագնված, Պինգվինաշենի «լողափին» բացօթյա ինտերվյու կտա, ու ինտերվյուն տեղում միտինգ կդառնա, ու նե՜նց բազմահազարանոց համակիրների բանակ ու բազմահազար լողաթևիկներով նե՜նց աղմկաշատ ծափեր ու լսարան կհավաքի, որ իրա ռեյտինգը վերջապես-կգա կհավասարվի Նիկոլի ռեյտինգին, ու իր ռեյտինգին զուգահեռ Պինգվինաշենում վեր կխոյանա «Կոնգրես» հյուրանոցի դուստր հյուրանոցը՝ «Պաղած կոնգրես» վերտառությամբ ու տեղական առանձնահատկությունները հաշվի առած իր համարներով ու համարների հարմարություններով, հետո Էռնեկյանը տաք հագնված կգա՝ «Այս էյր», «Այն էյր», Այս ու այն էյր», «Այսահար էյր», «Սաթրջան էյր» նոր ավիաընկերություններով, վեր կխոյանա «Պլոմբիր» օդանավակայանը, հետո վեր կխոյանա «Պինգվինշինբանկը», ու կյանքն ընե՜նց կեռա, որ սառույցը կհալչի ու Անտարկտիդան էլ… օֆշոր կդառնա:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ