Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց այդ կառույցի նախագահությունը: Հատկանշական է, որ ի տարբերություն մի շարք այլ կառույցներում (օրինակ՝ ՇՀԿ, ԵՄ, ԵԱՏՄ) ընդունված կանոնների, Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախագահությունը չի ստանձնել ռոտացիոն կարգով։ Դա եղել է հայկական կողմի նախաձեռնողականության և ակտիվ աշխատանքի արդյունքը։

Ի վերջո, հիմա, երբ ավարտվել է այդ մեծամասշտաբ միջոցառումը, հարկ է արձանագրել այն ամենը, ինչ ստացավ Հայաստանը դրա արդյունքում: Ֆրանկոֆոնիայի միջոցառումը նախևառաջ դրական է ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա, ամրապնդել է միջազգային կապերը։ Հայաստան էր ժամանել շուրջ 84 երկրի պատվիրակություն, և հատկանշական է, որ նրանցից 38-ը ներկայացված էր երկրի ղեկավարի մակարդակով:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի լուսաբանման, «Ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության» կոնֆերանսին մասնակցելու համար Հայաստան էր եկել շուրջ 600 լրագրող: Նման մեծաքանակ հյուրերի և լրագրողների ներկայությունը բավական լավ հնարավորություն էր աշխարհի շուրջ 274 մլն ֆրանսախոսների շրջանում Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացման տեսանկյունից:

Գագաթնաժողովը բավական լավ հնարավորություն էր նաև Հայաստանի արտաքին կապերի զարգացման և ամրապնդման համար: 2003 թվականից սկսած՝ Հայաստանը բավական ակտիվ օգտագործել է կառույցի ընձեռած հնարավորությունները՝ մի շարք երկրների հետ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև ամրապնդելով երկկողմ փոխգործակցությունը: Հետաքրքրական է, որ ֆրանկոֆոնիայի օրերին Երևանի փողոցներում ամեն քայլափոխի կհանդիպեինք Աֆրիկայից ու ասիական երկրներից ժամանած հյուրերի։ Դա բավականին կարևոր է Հայաստանի համար, որովհետև հնարավորություն է ընձեռում Հայաստանին նրանց երկրների հետ ևս ձևավորել փոխգործակցության հարթակներ։

Գագաթնաժողովն ավելի կարևորվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած այցով: Հատկանշական է, որ Մակրոնը նախագահի պաշտոնում առաջին անգամ էր այցելում Հայաստան: Թեև այցը կրում էր աշխատանքային բնույթ, այն բավական հագեցած էր և առավել ամրապնդեց վերջին շրջանում զգալիորեն ակտիվացած հայ-ֆրանսիական երկխոսությունը:

Բարեկամական մթնոլորտում անցավ նաև Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը, որը Կանադայի վարչապետի առաջին այցն էր Հայաստան: Այցի ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգին, ինչպես նաև ձեռք բերեցին առանձին պայմանավորվածություններ, օրինակ՝ Հայաստանի և Կանադայի միջև օդային փոխադրումների երկկողմ հնարավոր համաձայնագրի, զբոսաշրջիկների ընտանիքների և գործարարների շփումները դյուրացնելու մեխանիզմների վերաբերյալ:

Գագաթնաժողովի ժամանակ ընդունվեց նաև Երևանյան հռչակագիրը, որի նախապատրաստական աշխատանքներում բավական մեծ ջանքեր են գործադրվել: Առանձին կարևորություն ունեն հռչակագրի հատկապես 18-րդ և 19-րդ կետերը: 18-րդ հոդվածում անդրադարձ կա հակամարտության գոտիներում քաղաքացիական բնակչության դեմ ագրեսիայի, հիմնարար իրավունքների ոտնահարման, հումանիտար խնդիրների քաղաքականացմանը, իսկ 19-րդ կետով աջակցություն է ցուցաբերվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի ներքո ընթացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։

                                                                                            Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ