Գիտությունների ազգային ակադեմիայում հոկտեմբերի 12-13-ը կայացել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» ( «Science and Technology Convergence (STC)») երկօրյա գիտաժողովը: Միջոցառման նպատակն է քննարկել ու կանխատեսել Հայաստանում հիմնարար և կիրառական հետազոտությունների ապագան, կապեր ստեղծել գիտահետազոտական հիմնարկների ու աշխատողների, արդյունաբերական ընկերությունների միջև՝ տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունից:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ չնայած ՏՏ զարգացման մասին շատ է խոսվում, բայց քչերն են մեր հասարակության մեջ հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Շատերը տեղյակ չեն զարգացման ուղղություններից ու մասշտաբներից։ Եվ խնդիր կա շատ խոսել, լուսաբանել ոլորտի զարգացումն ու ուղղությունները, որպեսզի ավելի մեծ թվով երիտասարդներ հետաքրքրվեն բարձր տեխնոլոգիաներին առնչվող մասնագիտությամբ, հետազոտողները իմանան շուկայում գործող ընկերությունների մասին, իսկ մասնավոր հատվածն էլ տեղյակ լինի գիտահետազոտական կենտրոններից, նրանց ընթացիկ հետազոտություններից ու արդյունքներից։

Միջոցառման երկու օրերի ընթացքում ներկայացվել են զեկույցներ, անցկացվել են զուգահեռ նիստեր վերականգնվող էներգետիկայի, կիբերանվտանգության, միկրոէլեկտրոնիկայի, մեքենայական ուսուցման և քվանտային հաշվարկների թեմաներով։ Գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները, որոնք կարող են հետաքրքրել արդյունաբերական ընկերություններին, ընկերությունների ներկայացուցիչներն էլ բարձրաձայնել են այն ուղղություններն ու խնդիրները, որոնք կարող են լուծվել նորարարական հետազոտությունների արդյունքում։

Միջոցառումն անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Կազմակերպիչն է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը։ Աջակցում են Եվրամիության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU SMEDA) ծրագիրը, «SmartGateVC»-ի ընկերությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և այլ գործընկեր կառույցներ։