Օրեր առաջ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին հակառետրովիրուսային դեղեր ձեռք բերելու համար Կառավարության որոշմամբ տրամադրվեց 25,8 միլիոն դրամ: Փաստենք, որ ՀՀ-ում հակառետրովիրուսային բուժումը տրամադրվում է անվճար և հասանելի է բոլորին, որով փորձ է արվում բացառել այս վարակի տարածումը կամ նվազեցնել որքան հնարավոր է։

Հայաստանում վերջին տարիներին նկատվում է ՄԻԱՎ վարակակիրների թվի կայունացում։ Անցած տարի գրանցվել է ՄԻԱՎ-ի 358 դեպք, իսկ այս տարի՝ մինչև սեպտեմբեր, 296 դեպք։ Իսկ ընդհանրապես մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3400-ն է. 63%-ն՝ արական, 31% -ը իգական սեռի ներկայցուցիչներն են։ Ըստ մասնագետների տվյալների՝ ՄԻԱՎ վարակակիրների 70%-ը պայմանավորված է միգրացիոն գործընթացների հետ՝ ՌԴ, Ուկրանիա (որտեղ ՄԻԱՎ վարակակիրները մեծ թիվ են կազմում) արտագնա աշխատանքի մեկնողները, վերադառնալով, վարակը փոխանցում են իրենց զուգընկերներին ու կողակիցներին։ Հատկապես խոցելի խումբ են համարվում 25-39 տարեկանները։

Մասնագետները նշում են, որ այսօր ՄԻԱՎ-ն այլևս մահվան դատավճիռ չէ և համարվում է քրոնիկ հիվանդություն, որով կարելի է երկար տարիներ ապրել։ Պարզապես ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունն անհրաժեշտություն է՝ բուժումը ժամանակին սկսելու, արդյունավետ բուժման ընթացք ապահովելու, ուրիշներին վարակի փոխանցումը կանխելու և ՄԻԱՎ վարակից պաշտպանված երեխաներ ունենալու համար։ Հիշեցնենք, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն անանուն է և անվճար, իսկ հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։

Շատ հաճախ ռիսկային վարքագիծ դրսևորած անձինք խուսափում են համապատասխան հետազոտությունից, որը ՄԻԱՎ-ի դեմ պայքարում կարևորագույն խոչընդոտներից է։ Խնդիրն այն է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ արժանանում են հանրության կողմից խտրական վերաբերմունքի, ինչն էլ հանգեցնում է հիվանդների մեկուսացմանն ու հոգեկան ճնշվածությանը։ Թերևս հասարակության չտեղեկացվածության կամ թերի տեղեկացվածության արդյունք է սա։ Ուստի հարկ ենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ մարդու իմունային անբավարարության վիրուսը կենցաղային շփումների ժամանակ չի փոխանցվում աշխատավայրում և կենցաղում ընդհանուր առարկաներից օգտվելիս, լողավազանում և բաղնիքում, հասարակական տրանսպորտում, ձեռքսեղման կամ գրկախառնության ժամանակ։

ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել 3 ճանապարհով՝ սեռական, արյան միջոցով (ՄԻԱՎ պարունակող արյան փոխներարկման կամ օրգանների փոխպատվաստման) և ՄԻԱՎ վարակ ունեցող մորից՝ երեխային (վարակը փոխանցվում է հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս)։ Մնացած բոլոր դեպքերում ՄԻԱՎ վարակակիրների հետ շփվելը որևէ մեկի առողջության համար վտանգավոր չէ, և ՄԻԱՎ-ով ապրող մարդն ունի նույն իրավունքները, ինչ ցանկացած ՀՀ քաղաքացի։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ․Գ․ Հիվանդության ճիշտ անվանումն է ՄԻԱՎ վարակ, իսկ ՁԻԱՀ-ն այս հիվանդության վերջնային փուլն է։ ՄԻԱՎ-ով վարակման պահից մինչև ՁԻԱՀ-ի զարգացումը կարող է անցնել 8-10 տարի։ Իսկ վարակումից խուսափելու համար դրսևորեք պատասխանատու վարքագիծ և առողջ եղե՛ք։