Ռուսաստանի Սարատովի շրջանի աշխատանքի, զբաղվածության եւ միգրացիայի նախարար Նատալյա Սոկոլովային բավականին սկանդալային պատճառներով հեռացրին աշխատանքից։ Նրա ազատման հրամանը եղավ այն բանից հետո, երբ նա ժողովրդին դիմելով ասաց, թե ամսական 3.5 հազար ռուբլին բավական է ապրելու համար, եթե ամեն օր «մակարոն» ուտեն։ Հետաքրքրական է, որ չնայած իր այս կոչին, նա, բացի աշխատավարձից, բյուջեից տարեկան 200 հազար ռուբլի էր ստանում՝ իբրև նյութական օգնություն: Հայտնի է նաև, որ Սոկոլովայի ամուսինը Վոլսկի ձկնաբուծարանի սեփականատերն է: Իսկ 2017 թվականին Սոկոլովան հայտարարել է 2.3 միլիոն ռուբլի եկամտի մասին:



Նատալյա Սոկոլովայի այս աղմկահարույց հայտարարությունից հետո, երբ պատգամավոր Նիկոլայ Բոնդարենկոն առաջարկել է նրան ապրել հենց այդքան գումարով, Սոկոլովան ասել է, որ, «նախարարի կարգավիճակից», ելնելով այդ գումարն իրեն բավարար չէ։

Հատկանշական է, որ այս դեպքը շատ նման է Հայաստանում տեղի ունեցած դեպքերին։ Կարելի է ասել, գրեթե նույն վիճակն էլ ամիսներ առաջ մեզ մոտ էր, պարզապես Նատալյա Սոկոլովայի փոխարեն այստեղ հակոբ հակոբյաններն ու խոսրով հարությունյաններն էին, իսկ «մակարոնի» փոխարեն «կարտոշկան» էր։

2017 թվականին, երբ սննդամթերքի գինը՝ մասնավորապես մսինն ու կարագինը, բավականին թանկացել էր, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, որ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում։ Հետևաբար նրանց համար միևնույն է` կարագն ու միսն էժան են, թե թանկ։ Խոսրով Հարությունյանն էլ, փորձելով իբրև թե «փրկել» գործընկերոջն այդ վատ իրավիճակից, պարզաբանել էր, թե Հակոբյանը պարզապես նկատի է ունեցել, որ կարտոֆիլ ուտողը, միևնույն է, կարտոֆիլ էլ ուտելու է՝ անկախ մսի գնից։

Հետաքրքրական է նաև այն, որ աղքատներին կարտոֆիլ ուտելու մասին խորհուրդներ տվող պատգամավորը տուն ունի Բուլղարիայի նավահանգստային քաղաք Վառնայում , պաշտոնական հայտարարագրում նշել է երկու բնակարան, մեկ ամառանոց, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ հողամաս, MERCEDES-BENZ S 420 մակնիշի ավտոմեքենա ու հետաքրքրի հետ զավեշտն այն է, որ ժողովրդի այս ընտրյալից դեռևս ոչ մեկը չի հետաքրքրվում, թե այդ գումարները նրան որտեղից, արդյոք դա հարազատ ժողովրդին անխնա թալանելու արդյունք չէ:

Բնական է շատերի մոտ առաջանալիք հարցը, թե այդ սոկոլովան-հարությունյան-հակոբյանները, որ խնայողաբար ապրելու, «մակարոն ու կարտոշկա» ուտելու կոչեր էին անում ու անում են, իրենք կարո՞ղ են գոնե մի օր սնվել միայն մակարոնով և միայն կարտոֆիլով։ Թերևս Սոկոլովան շատ լավ տվել էր այդ հարցի պատասխանը. իրենց նախարարական կարգավիճակները թույլ չեն տալիս նման «աղքատիկ» սնունդով ապրել, կարճ ասած՝ «դա իրենց հագով չէ»։