Շատ շուտով Հին աշխարհը հաճախակի հիշելու առիթների պակաս, կարծես, չենք ունենալու։ Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ժողովրդի ձայնին ականջալուր լինելու նախընտրական խոստումը լիարժեքորեն կատարելու համար մտադիր է հանրային հնչեղություն ստացած հարցերը՝ այդ թվում և հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը, լուծել հանրաքվեի միջոցով։

Ինքն անձամբ շատ զարմացած է, որ վերջին հինգ տարում ամեն ինչ թանկացել է, բացի հասարակական տրանսպորտի տոմսի գնից և գտնում է, որ սակագինը պետք է բարձրացվի։ Զարմանալի է, որ արդեն քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանն այդքան շուտ հետ կանգնեց երբեմնի ակտիվիստ Հայկ Մարությանի դիրքորոշումից, ով 2013թ. տրանսպորտի սակագինը բարձրացնել փորձողների դեմ կատաղի պայքար մղողներից էր։ Զարմանալի է նաև այն, որ Մարությանը նոր է սկսել մտածել այն մասին, որ խելամիտ չէ 15 տարի շարունակ անփոփոխ սակագին ունենալը, ինչպես նաև այն, որ երթուղայինից շախմատի ձի դարձած իջնելն ազնիվ չէ։ Երևի որ 2013-ին ժողովրդի աչքի փուշ դարձած ՀՀԿ-ն էր նույն հարցերը բարձրացնում, պետք էր դա անարդարացի համարել ու այդ «սևերին» քարկոծել, հիմա, երբ իրենք՝ «սպիտակներն» են իշխանության, արդեն արդարացված է թե´ սակագնի բարձրացումը, թե´ տրանսպորտային ցանցի արդիականացումը։ Բա ոնց։ Չէ՞ որ մեծ տարբերություն կա, թե ում ձեռքով է քաղաքացու գրպանից ավել գումար հանվում։ Բայց չշտապենք. երևանցիները դեռ դրա թույլտվությունը չեն տվել նորընտիր քաղաքագլխին ու անհավանական էլ է, որ կտան։ Լավագույն դեպքում մայրաքաղաքի հանրաքվեասեր ղեկավարի առաջադրած խնդրի լուծման երկրորդ տարբերակը՝ սակագնի ավելացումը պետական սուբիսդավորմամբ փակելու ճանապարհը կընտրեն քաղաքի բնակիչները, եթե իհարկե, հիասթափությունն իր թևերն անդառնալի չփռի նրանց վրա։

Մեծ հաշվով, բոլոր նրանք, ովքեր «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը կարդացել են ու բացի կարդալուց, նաև սառը դատել, թե այդտեղ արված գեղեցիկ շարադրանքն ինչ գին կարժենա, հիմա, դժվար թե, տհաճ անակնկալից ապշած լինեն։

Տարբեր տնտեսագետներ, երբ ավագանու ընտրությունների շեմին գնահատում էին քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, արձանագրել էին, որ ՔՊ-ի 50 կետանոց ծրագրի միայն 2-3 կետը (տրանսպորտային ցանցի արդիականացումը, մետրոյի նոր կայարանի կառուցումը) իրականացնելու համար Երևանի ամբողջ բյուջեն չի հերիքի։

Շատ ցանկալի բարեփոխումների թվարկումն՝ առանց ֆինանսավորման հստակ աղբյուրների նախանշման, լուրջ ընկալվել չէր կարող նաև սառը դատող շարքային քաղաքացու կողմից։ Մարությանն անձամբ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել էր. «Մեր խնդիրն է հենց սկզբից ձերբազատվել «մարշրուտկա» կոչվածներից»։ Խնդիրը լուծելու ենք ներդրումների միջոցով, միասնական տոմս է լինելու, նաև՝ զեղչային համակարգ: Գծերը և գծատերերն իսպառ վերանալու են, լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներ և նոր մենեջմենթ»։

Ստացվում է, որ Մարությանն ի դեմս երևանցիների է ներդրողներ տեսել. կամ նրանց՝ պետբյուջե վճարված գումարներից պետք է ուղղվեն այդ խնդրի լուծմանը, կամ էլ ավել գումար պետք է վճարի հոգս ու դարդ չունեցող երևանցին (հինգ տարի առաջ հոգսերը շատ էին, 2018-ի մայիսից հետո դրանք չքացել են ըստ երևույթին)։ Դե իսկ, թե մայրաքաղաքի բնակիչներին պատուհասած կամ կամաց-կամաց մոտեցող հերթական փորձությունը կհաղթի էյֆորիային, թե էյֆորիան՝ նրան, երևի, ավելի շուտ պարզ կդառնա, քան մեր կրեատիվ ու ժողովրդավար քաղաքապետի նորամուծությունը կյանքի կկոչվի։