Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:
Ավետիք Իսահակյան


Թե ՀՀԿ-ն է Վարպետի խոսքն առել-հնչեցնում, ապա պատասխանենք.
«Գնա՛ քարավան, արխային գնա՛. 
Քեզ Հայրենիքեդ կանչող մարդ չկա»:

Ու ՀՀԿ-ն գնաց, միջազգային բեմ ելավ ՀՀԿ-ն: Լրիվ կատաղել են. մի օր էստեղից, մի օր էնտեղից «հայրենանվեր» գործունեության են անցել բոլորով:
Բայց ես բոլորովին ուրի՜շ կասկած ունեմ այս առթիվ. դրանց արտասահմանյան բաղձալի գոծուղումների համար նախատեսված գումարից ահագին միջոց է վայ թե անծախսել մնացել, վռազ-վռազ ուզում են ծախսել, քանզի իրենք, որ էսօր ԱԺ-ում կան, տառացիորեն, վաղը չկան, հո չե՞ն թողնելու էդ չծախսած միջոցները իրենցից հետո եկողներին մնան:
Էնպես որ, որքան հնարավոր է, և որքան շո՛ւտ է հնարավոր, էդ «լիմիտները» հարկավոր է ծախսել, իրացնել, որ մի լումա իսկ չթողնեն հանկարծ իրենցից հետո իրենց տեղը եկողներին:

Բա՞, ժողովուրդ ջան: Իսկ դու զարմանում էիր, թե սրանք ինչո՛ւ սենց միանգամից հաբռգեցին, ելան ու միջազգային էս-էն բեմ ելած՝ սկսեցին ակտիվ դերասանություն անել:
Փո՛ղ կա մնացած, հասկանո՞ւմ եք, փո՛ղ:
Փող կա չիրացրած. շուտ ծախսել է պետք:
Գործուղումների հոդվածով չի կարելի թույլ տալ գեթ մի դրամի, լումայի թերածախս: Գործուղումների համար նախատեսված ողջ փողը շտապ հարկավոր է ծախսել, «սռոչնի ռասխոդ անել»: Շան վրա ծախսել, գիլու վրա ծախսել, բայց Նիկոլենց մի քոռ գիլա՛ անգամ հանկարծ չթողնել:

Թե չէ Շարմազանովն էդ երբվանի՞ց սկսեց խոցվել Կիպրոսի դարդով ու էդ դարդից դեմարշ անելու փափագ փայփայել: 16 թվի Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ իրանք անգամ Ղարաբաղի դարդն էին մոռացության մատնել: Իսկ հիմա, խնդրե՛մ, մի շաբաթվա մեջ յոթ տեղից-բեմից, էդ դարդը հիշել, ո՜նց են մղկտում, միջազգային ի՜նչ աննախադեպ էֆեկտներով հագեցած «տրյուկներ» անում: Վախ ունեմ՝ վաղը որևէ բեմից գրազով սալտո ու շպագատ իջնեն՝ հանուն հայրենյաց, հանուն… հանուն…

Տո էլ ի՜նչ «հանուն»: Էլ «հանո՞ւն» մնաց ձեր քսանամյա հույժ տխրահռչակ գործունեության հրապարակումից հետո, 20 տարի դեմներդ էր. հանուն մի բանի մի բա՜ն անեիք էդ 20 տարում: 20 տարի չարիք, 20 օրվա մեջ ուզում եք անել: Ի՜նչ ասեմ, արե՜ք, սակայն վազելով արեք, որ հասցնեք: Արե՛ք հանո՜ւն… հանուն…
Նոր մի քիչ առաջ ասացի, թե հանուն ինչի՛ ու ինչի՛ խաթեր. ԱԺ ծախսերի հաշվեկշռի գործուղումների հոդվածով հաստա՛տ անծախսել փող ու միջոց է մնացել. շտապ պետք է ծախսել…

                                                                                                            Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ