Արթուր Ղազինյանն իր Facebook-յան էջում գրում է․ ««Իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Այս ձևակերպումը դրված է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում և վերջին իրողությունների լույսի ներքո հաճախ է բարձրաձայնվում Վարչապետ Փաշինյանի կողմից՝ իր հրապարակային ելույթներում։ Հատուկ ընդգծվում է նաև, որ այսուհետ «ժողովուրդն» է որոշելու բոլոր հարցերը։

Այս խնդրի կապակցությամբ ցանկանում եմ հայտնել իմ, առավելապես ակադեմիական (գիտական) կարծիքը, որը, կարծում եմ, օգտակար կլինի մեր Կառավարության և Վարչապետի համար՝ հետագա հրապարակային ելույթներում «ժողովուրդ» երևույթը կիրառելու պարագայում։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի, իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Փաստացի հղում անելով նշված դրույթի առաջին մասին, անտեսվում է դրա երկրորդ, իմ համոզմամբ, առավել կարևոր մասը։

Սահմանադրա-իրավական և քաղաքագիտական իմաստով «ժողովուրդը», որպես իշխանության կրող և որոշում կայացնող միավոր, հանդես է գալիս բացառապես ընտրությունների և հանրաքվեների ժամանակ, որով ձևավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ նրանց փոխանցելով իր անունից հանդես գալու և այդ իշխանությունն իրացնելու իրավունքը։ Հանրաքվեների ընթացքում «ժողովուրդը» իր հավաքական կամքն է արտահայտում կոնկրետ դրված հարցի վերաբերյալ, որը դրվում է իր իսկ կողմից ընտրություններով ձևավորված մարմինների՝ Կառավարություն, Ազգային ժողով, կողմից։

Փաստացի կարող ենք պնդել, որ պետության ամենօրյա կառավարման ամբողջական պատասխանատվությունը կրում է «ժողովրդի» կողմիվ ձևավորված ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, և յուրաքանչյուր առիթով «ժողովրդի» վրա որոշում ընդունելու պարտավորության սահմանումը կարող է ընկալվել որպես ուղղակի պատասխանատվությունից խուսափելու միջոց։

Քաղաքական գործընթացին մասնակցող իմ ընկերներին հորդորում եմ առավելագույնս խուսափել «ժողովուրդ» եզրույթի կիրառումից, և իրենց կողմնակիցներին, համակիրներին, հասարակության շահագրգիռ խմբերին կամ ժողովրդական լայն զանգվածներին որպես «ժողովուրդ» ներկայացնելուց»։

Henq.am  
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: