«Հետագայում` 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը: Ի դեպ, վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը գնահատվել է առնվազն 90 մլն ԱՄՆ դոլար»:
Հատված՝ ՀՀ ԱԱԾ լրատվությունից

Էնքան վայելեցին, որ հիմա աշխարհն է իրենցով հետաքրքրվում, հետախուզում դրանց հանդեպ հայտարարում, որ գտնի-հարցնի, թե ոնց են անում, որ էդքան «վայելում», սակայն բկներին մի հատ չի կանգնում: Բայց ինչ ուզում ես արա, իրենք չեն ասի իրենց գաղտնիքը՝ անհագ վայելման ու անտակ բկի: Էդ իրենց գյուտն է, իրենց «նոու-խաուն». ո՞վ կասի իր գյուտն ու «նոու-խաուն»: Հեղիակային իրավո՜ւնք կա, բա՜ն կա: Եւ ուստի իրենք իրենց էդ գաղտնիքը չեն ասի անգամ իրենցով հետաքրքրվող հատուկ ծառայություններին: Չեն ասի նաև մյուս գաղտնիքը, թե անհարմար չե՞ն զգում, որ իրենք իշխանություն՝ իրենց իշխանության պտուղներն են դրել, էդքան բացահայտ, էդքան անվայել վայելում:

Դե ինչ, ճարահատ մե՛նք եկե՛ք փորձենք գաղտնիքը պարզել:
Տարբերակ առաջին. շատ ցրվա՛ծ մարդ էին:Երկիր մտնող ապրանքի մաքսատուրքը վերցնում, էնքան ցրված էին, որ… իրենց գրպանն էին դնում: Հետո գործից տուն վերադառնալու ճամփին, էդպես ցրված-ցրված, տան ճամփեն խառնում, մոլորված գնում, ընկնում էին… «օֆշոր» ու էլի էդպես ծայրահեղ ցրված՝ իրանց տան դռան տեղը դնելով՝ մի հատ «ֆիրմա» բացում, նույն ցրվածության հետևանքում էլ, իրանց երեխեքի փող հավաքելու բանկի տեղ դրած, մի հատ բանկ բացում, միամիտ դրածը գրպանից հանում, էդ բանկն էին գցում:

Տարբերակ երկրորդ. շատ անտեղյա՛կ մարդ էին: Չգիտեին, որ մաքսատուն մտնող ապրանքի համար վճարվող մաքսը երկրի համար է նախատեսված ու ոչ թե իրենց: Մանավանդ, որ այդ բանից անտեղյակ էին նաև մաքսատան նախկին ղեկավարների նախկին ղեկավարները:
Բայց այստեղ մի մեծ դժվարություն կա: Չէ՞ որ եթե ղեկավարի ղեկավարները նույնպես տեղյակ չէին, ուրեմն իրենք էլ իրենց հերթին մտածում էին, որ էդ մաքսատուրքը իրե՛նց համար էր հենց նախատեսված: Բայց այս թյուրիմացությունը լուծվում էր մի պարզ ճանապարհով. ղեկավարի ղեկավարը կանչում էր ղեկավարին ու վրան կիրառում Սաշիկի՛ «50-50» «նոու-խաուն»: Սույն «պրոցեդուրայի» ենթարկվածը գնում ու շարունակում էր իր «հայրենանվեր» ու իր «անձնվեր» գործունեությունը: Ասենք նաև, որ իրենց բառարանում «անձնվերն» այն անձն էր, որն ինչ տեսնում էր, իրեն ուղարկված նվեր էր համարում ու էդպես «անձնվեր» գործունեություն ազատ ծավալում տարիներ շարունակ, իսկ «հայրենանվերն» էլ իրենց բառարանում նշանակում է, որ «Հայրենիքն էլ են ծերից ծեր վերցրել, իրենց նվեր տվել»:

Տարբերակ երրորդ. շատ դեմոկրա՛տ ու շատ գլոբալի՛ստ մարդ էին: Ուզում էին, որ «խեղճ ու կրակ» էդ օֆշորները զարգանային ու բարգավաճեին, որ նենց տպավորություն չստացավեր, թե նեղմիտ պահպանողականի պես, նեղ մտահորիզոնով, միայն իրենց երկրի զարգացման ու բարգավաճման մասին էին էդ գլոբալիստ, էդ դեմոկրատ մարդիկ մտածում-հոգում: Բայց քանզի իրենք էս արար աշխարհում ավելի՜ դմոկրատ ու ավելի՜ գլոբալիստ են, քան արար աշխարհը, ուստի իրենք էս արար աշխարհին տվեցին-անցան, արար աշխարհից ավելի՜ հեռու գնացին. իրենք, առհասարա՛կ, իրենց երկրի մասին մտածելը թարկեցին ու անցան օֆշոր զարգացնելու շատ կարևոր գործին…

Հեքիա՞թ էր պատմածս: Չէ՛, ժողովուրդ ջան, սոսկ անդրադարձ էր միայն մի՛ փաստի ՀՀ ԱԱԾ հայտարարությունից: Ա՛յ, ՀՀ ԱԱԾ արած հայտարարությո՛ւնն արդեն այնքա՛ն անհավատալի մի եղելություն է, որ հեքիաթ է թվում: Բայց այս այն դեպքն է, երբ հեքիաթը իրականանում, իրական է դառնում: Իսկակա՛ն-իրակա՛ն հեքիաթ, որի վերջում երկնքից 90 միլիոն՝ երկրի բյուջե չմուտքագրված դոլար վար ընկավ, ու մնաց պարզել, թե էդ փողը որ օֆշորներում հանգրվան գտավ, որն էկավ «գոլդեն» ու «փալաս» դարձավ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Նման հեքիաթներ արդեն էնքան կան, որ ՀՀ ԱԱԾ-ն շուտով կարող է իր հեքիաթների բազմահատորյակը մի 10 տարի առանց ընդմիջման հա՜ լույս ընծայի ու դեռ չսպառի իր «ասելիքը»: