Հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311-րդ հոդվածի հատկանիշներով (կաշառքի օժանդակություն)։

Դատարանը մերժել է Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի առաջարկը՝ իր պաշտպանյալին ազատել գրավի դիմաց, ուստի բիզնեսմենը հետագա 2 ամիսները կանցկացնի քննչական մեկուսարանում։

Սամվել Մայրապետյանի անցած ուղին ընթերցողին ներկայացնելու համար մամուլը ուսումնասիրելիս հետաքրքիր մի զուգադիպության հանդիպեցի՝ Մայրապետյանը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել 1995թ-ից, երբ իրավապահ մարմինները կաշառակերության դեպք բացահայտեցին բժշկական ինստիտուտում։

Փաստորեն դեռ էն թվերին Մայրապետյանը բացահայտել էր կաշառքի հզոր ուժը և անցումային շրջափուլում իր «գռանդիոզ» ծրագրերի համար ճանապարհ էր հարթում կոռուպցիոն գործարքների միջոցով։ Ավելին՝ մի՛ ձեռով վերցնում էր, մի՛ ձեռով տալիս, քանի որ իր նախանշած ծրագրերի համար երկուսն էլ «պարտադրված» անհրաժեշտություն էր։ Իսկ առջևում մեծ պլաններ էին, որոնք պետք է դառնային քաղաքամայր Երևանի և հարյուրավոր երևանցիների համար ճակատագրական։ Ինչպես բնութագրել են նրա իսկ ավերիչ ձեռքով անտուն մնացած Կենտրոնի տասնյակ բնակիչներ՝ «Մայրապետյանի դեմ խաղ չկար»: Այո՛, մոտ 2 տասնամյակ ո՛չ մի խաղ չկար:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Մայրապետյանը «Հ2» հեռուստաալիքի գլխավոր սեփականատերն է, Ռոբերտ Քոչարյան-Արմեն Գևորգյան-Սամվել Մայրապետյան «կլանի» անքակտելի մասը, համատեղությամբ Արմեն Գևորգյանի սանիկն է, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի համասեփականատերերից է, որի մյուս սեփականատերն է Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը և, վերջապես, Հյուսիսային պողոտայի գլխավոր կառուցապատողն է։

Թերևս որպես շինարար և «գլխավոր կառուցապատող» ինքնիրեն հռչակած Մայրապետյանի անունը հավերժ անմահացավ Հյուսիսային պողոտայի ստեղծման պատմության մեջ, ով էլիտարներ էր կանգնեցնում հենց քաղաքի սրտում, մյուս շենքերի արևի լույսի հաշվին՝ սառնասրտորեն ազատելով Կենտրոնը իր հին բնակիչներից և Երևանի բազմադարյա պատմության կրող շենք-հուշարձաններից։

Քանդարարի իր առաքելությունը իրականացնող Սամվել Մայրապետյանին չէին մտահոգում ո՛չ քաղաքացիների բողոքները, ո՛չ օրեցօր իր դիմագիծը կորցնող քաղաքի կենտրոնը։ 2012թ․կառավարության՝ Կենտրոնի տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը խաղաթուղթ դարձրած՝ Մայրապետյանը ճնշում էր գործադրում բնակիչների վրա և ստիպում էր հրաժարվել սեփականության իրավունքից, թեպետ հանրային շահի մասին խոսք անգամ լինել չէր կարող՝ միայն բիզնես ամբիցիաներ էին և գերշահույթ ստանալու մոլուցք։ Մայրապետյանը բնակիչներին առաջարկում էր ոչ համաչափ փոխհատուցում, իսկ ովքեր հրաժարվում էին ենթարկվել առաջարկվող պայմաններին, սպառնում էր վտարել իրենց իսկ սեփական բնակելի տարածքներից։

Մի քանի տարի շարունակ Մայրապետյանին պատկանող «Local Developers» ՍՊԸ-ի դեմ ընթացող դատական քաշքշուքները ոչ մի արդյուք չէին տալիս, քանի որ Մայրապետյանի թիկունքում զորեղ հովանավորներ էին, ովքեր կանաչ ճանապարհ էին հարթում վերջինիս բիզնես պլանների իրականացման համար։ «Local Developers» ընկերությունից տուժած ընտանիքներն իրենց ձայնը լսելի դարձնելու համար միավորվել և դիմել էին գլխավոր դատախազին, քննչական կոմիտեին, դիմել էին անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ձայն բարբառո անապատի՝ Մայրապետյանի դեմ խաղ չկար։ Ճկուն տնտեսագետ և ժամանակի կարևորագույն հրամայական՝ կոռուպցիոն մեխանիզմներին հմտորեն տիրապետող վիրտուոզն անձեռնմխելի էր բոլոր իրավիճակներում։ Ավելին՝ կարողանում էր հարցեր լուծել ամենատարբեր ոլորտներում և գործարքներում։ Զորօրինակ՝ սիրելի տիկնոջը՝ տիկին Քյալյանին, Բժշկական համալսարանի ռեկտորի «գահին» բազմեցնելը, որին անդրադարձել էր «The moscow post»-ը։ Հիրավի, չափազանցրած չենք լինի, եթե նկատենք, որ նման մասշտաբի «գործարք» գլուխ բերելը ամեն մեկի խելքի բանը չէ կամ էլ գրպանի բանը չէ։ Չնայած չենք բացառում և չենք նսեմացնում նաև տիկին Քյալյան անձնավորության հնարավորություններն ու ռեկտորի պաշտոնում ազնիվ ընտրվելու տարբերակը։

Ինչևէ, անցած ճանապարհն արցունքախառն ու անեծքապատ է, վաստակած անունը՝ թալանչի ու խարդախ, իսկ վախճանը՝ անփառունակ։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ