Ինչպես արդեն հայտնի է, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով, որ հավատում է վարչապետի ազնվությանը։ Այս քայլը, այն էլ Կոստանյանի պես սկզբունքային մարդու համարում ունեցողի կողմից, թերևս շատ մեղմորեն ասած, շոկի մեջ է գցել մի շարք ՀՀԿ-ականների։

Նմանատիպ իրավիճակներում, իհարկե, շատ բնական է, որ կլինեն մարդիկ, ովքեր մի թևից մյուսը կանցնեն, միայն թե իրենց շահը չտուժի, միայն թե իրենց աթոռից չընկնեն, բայց Գևորգ Կոստանյանի դեպքում գուցե ինչ-որ տեղ անսպասելի էր թվում նման քայլը։

Հատկանշական է, որ մամուլում հայտնվել են արդեն այնպիսի տեղեկություններ, որոնց համաձայն՝ առաջիկայում Կոստանյանը մեկնելու է արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի։ Թերևս հենց այդ է պատճառը, որ չունենալով որեւէ իշխանական աշխատանքի հեռանկար Հայաստանում, Կոստանյանի հասցրած անդառնալի հարվածը Հանրապետական կուսակցությանը որեւէ բացատրություն չի գտնում իր ընկերների շրջանում, թեպետ Կոստանյանի նմանները թաց տեղում էլ չոր պառկելու արվեստին հրաշալի են տիրապետում: Իրականում թե նրա մտքին ինչ կա, միայն ինքը գիտի։