Ներքաղաքական ճակատում հանձնված ՀՀԿ-ն անսպասելի ակտիվ գործունեություն է ծավալել արտաքին քաղաքական ասպարեզում՝ այդպիսով կարծես Փաշինյանին ցույց տալով իր իրական ներուժը։ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խրոխտ ելույթներ է ունենում Թուրքիայի սրտում՝ կոչ անելով եվրասիացի գործընկերներին ու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու Ղարաբաղի իրավունքները: Նա անգամ ցուցադրաբար լքել է դահլիճը Կիպրոսի համար և աղմկոտ հայտարարություններ է արել: Այդ ամենին զուգահեռ ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Արփինե Հովհաննիսյանը զեկուցում են ԵԽԽՎ-ում հաղթանակի մասին. բանաձեւ է ընդունվել չճանաչված պետությունների իրավունքների մասին:

ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ կուսակցության առաջնահերթությունն անվտանգությունն է, որը չի կարող կապված չլինել արտաքին քաղաքականության հետ:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում այս օրերին ընթացող ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նախորդ իշխանությունների մի քանի տարվա ջանքերի արդյունքն է: Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար առավել «անշառ» միությունն է, եւ Երեւանում Ֆրանսիայի, Բելգիայի, Կանադայի, Լիբանանի ու եւս 34 երկրների ղեկավարների ներկայությունը դրա հաստատումն է: