«Վահագնի» թաղամասի լճափնյա հատվածում, ի թիվս այլ շքեղ դղյակների, աչք է շոյում քառահարկ մի շենք, որի ներքին հարդարման աշխատանքներն ավարտված են, սակայն դղյակի դռները սպառնում են մնալ գոց:

Ինչո՞ւ, ինչո՞ւմն է բանը և որտեղ է թաղված ոչ թե շան, այլ մարդագայլ-բորենու գլուխը, որի գարշահոտը տարածվել է երկրով մեկ՝ հասնելով ընդհուպ սահմանային ուղեկալներ:

«Վահագնի» թաղամասում ապրող քմայքոտ տարի տիկնանց մի պատկառելի խումբ, որոնց նկարչագեղ տները կառուցվել են օտար ափերում ծավալած գործունեությունից ծնված գումարներով, վստահեցնում են՝ շքեղաշուք սույն դղյակը երբևէ չի բացելու դուռն իր «օրինական տիրուհու»՝ գույների համադրման մոլի սիրահար մադամ գեներալշյայի առաջ, այլ վերածվելու է ակումբի, հայոց բանակի համար ծառայելով որպես մարզամշակութային կենտրոն:

Հանրահայտ է, որ իսպանական միջնադարի ոճով կառուցված դղյակի տերը Սեյրանն է Օհանյան՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ու ներկա ընդդիմադիրը: Երբ Սեյրան Օ.-ն կառուցում էր սեփական տիկնոջ քմահաճույքի արգասիք սույն դղյակը, հայոց բանակի զորամասերում բազում անլուծելի խնդիրներն էին ծառս լինում, որոնք այլևս անկարող էր կանխել կեղտի մեջ ուղղակի ու անուղղակի թաթախված նախկին փառապանծ ազատամարտիկը: Գեներալական օլիգարխիատը բանակը վերածել էր բիզնես-նախագծի, ահռելի գումարներ էր բանակից կորզում, գարշելի երախով կլանում էր երկրի պաշտպանական համակարգի գրեթե ողջ կենսահյութը:

Դղյակն օրնիբուն կառուցվում էր, շինաշխատանքներում հաճախ ներգրավվում էին զինվորները: Հասկանալի է՝ որպես գերէժան աշխատուժ: Փաստերի ճնշման ներքո մի գեղեցիկ օր Օհանյան Ս.-ն խոստովանեց, որ դղյակը կառուցվում է ընկերոջ նվիրաբերած փողերով: Եթե հիշում եք նման նվիրաբերող ու նվիրաբերվող մի ընկերոջ էլ իր դղյակների շինարարության հետ կապված հիշատակում էր ժամանակի իշխանությունների թողտվությամբ Վերահսկիչի վերահսկումն իր ձեռքը վերցրած Իշխան Զաքարյանը, ով քրեական օրենսգիրքը շրջանցելու 400-ից ավելի ուղիներ գիտեր ու գիտե, ինչի շնորհիվ էլ առայժմ պլստում է: Նրա առնչությամբ ասում են նաև, որ հիշողության հետ դեռևս խնդիրներ չունի, թեպետ հարկ եղած դեպքում ամնեզիայի դեմ հրաշագործ հաբեր ունի պահած ԱԱԾ-ն:

Դառնալով Օհանյան Ս.-ի պարագային՝ խարդավանքը առկա է, նվիրաբերող ընկերը՝ միֆ: Օհանյան Ս.-ն գործել է իր տիկնոջ դայլայլուն հրահանգներին հնազանդ ու համանվագ (նկատի չունենք տինոջ դաշնամուրային կատարումները):

Միով բանիվ անհրաժեշտ է «Վահագնի» թաղամասում կազմակերպել հրապարակային աճուրդ, վաճառել դղյակը և գումարը ներդնել ՀՀ պաշտպանական համակարգ, մանավանդ որ վերջինս գրկաբաց է նման նվիրատվության հարցում, իսկ նվիրաբերող կողմը պարզապես բանակից խլածը վերադարձնելու նեղությունն է քաշելու ու խիղճն է ընդամենը ազատագրելու այդ թունալից բեռից: Այնպես որ քրեաօլիգարխիային հրապարակային աճուրդներին ներգրավելը պատմության պարտադրանքն է մեզանում:

                                                                                                 Զարզանդ ԶԵՓՅՈւՌՅԱՆ