Հայաստանի պատմությունը՝ Տիգրան Մեծից մինչև «Թավշյա» հեղափոխություն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի գալա համերգին բավականին համառոտ, բաց գունեղ ու պատկերավոր ներկայացվեց կազմակերպության անդամ երկրների պատվիրակներին։

Հայոց պետականության ուղին, որ հազարամյակների ընթացքում մերթ ընդ մերթ կորցրել ու վերագտել ենք, ընդամենը րոպեների ընթացքում ամբողջացավ, «հոգի առավ» ու «բեմ բարձրացավ»։ Հեթանոսությունից քրիստոնեություն անցումը նույնպես բեմում շատ սահուն ներկայացվեց պարային համարներով։ Պատմական էքսկուրսից դուրս չմնաց, բնականաբար, Հայոց ցեղասպանությունը. «Դլե յամանի» հնչյունների ներքո «անմեղ նահատակները սփռվեցին» աշխարհով մեկ…

Մոխիրներից վեր հառնող փյունիկի պես վերածնված Հայաստանը նորից սկսեց ծաղկել ու տաղանդներ տալ աշխարհին՝ Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան, Հովհաննես Թումանյան, Եղիշե Չարենց, Մինաս Ավետիսյան, այլք։
Հայոց մեծերն ու պատմական այդ երկար ժամանակահատվածում Հայաստանի կրած հասարակարգային փոփոխությունները շատ արագ անցան ներկաների աչքերի առաջով ու հետ պտտված ժամանակի անիվը նորից իր տեղում կանգնեց. ամիսներ առաջ տեղի ունեցած հեղափոխության պատկերների ֆոնին ՀՀ վարչապետը՝ նույն ինքը հեղափոխության առաջնորդը, իր ողջույնը հղեց ֆրանսերենով՝ «Բարի գալուստ Հայաստան»:

Գալա համերգի երկրորդ մասում ֆրանկոֆոն երկրներում հայտնի երգիչներն էին՝ իրենց կատարումներով։ Բնականաբար, նրանք բոլորն էլ իրենց ելույթների սկզբում կամ վերջում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին հիշեցին, նրա երգերից կատարեցին ու վստահեցրին՝ Շառլը հավերժ կենդանի կմնա բոլորի սրտերում։