Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայրում երեկ, հոկտեմբերի 11-ին, պետք է հանդիպեին մեծն շանսոնյեն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այդ չկայացած հանդիպման, Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին է Էմանուել Մակրոնը հիշել շանսոնյեի կեցավայրում։

«Այսօր մենք պետք է հենց այստեղ հանդիպեինք: Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը: Այդ մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ: Նա ցանկանում էր, որ դա լինի այս երկրում, այս լեզվով, այստեղ, իր ընտանիքի հետ: Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք, նա ցանկանում էր այստեղ լինել: Իր սովորության համաձայն՝ ոչինչ չէր թողել պատահականությանը: Նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել, որ կցանկանայի միասին մի քիչ երգել: Նախորդ շաբաթ նրան հրաժեշտ տվեցինք Փարիզում, նրան շնորհակալություն հայտնեցինք: Մենք այսօր այստեղ ենք՝ հավատարիմ մնալով նրան տված խոստմանը: Պետք է շարունակել նրա պայքարը, որը նա երբեք տանուլ չէր տալիս, -ասաց Մակրոնն ու վստահեցրեց, -Սփյուռքի կողքին կշարունակենք միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը: Այդ պայքարը Ֆրանսիայի պայքարն է, այն երբեք չի ավարտվի, որովհետև հիշել ցեղասպանությունների մասին, նայել նրանց դեմքին՝ դատապարտելով դրանց դժոխականությունը, կնշանակի պայմաններ ստեղծել դրանց կրկնությունից խուսափելու համար։ Ես խոստացել էի դա, խոստումս կկատարվի մինչև առաջիկա ապրիլի 24-ը: Ֆրանսիայում այս օրը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր»։

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Ազնավուրի պայքարը նախ և առաջ Հայաստանի համար էր, Մակրոնը հիշեց Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում Ազնավուրի ունեցած դերի մասին։ Այնուհետև խոսելով Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասին՝ Մակրոնը նշեց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, որպեսզի շարունակի երկու երկրների միջև մշակութային և կրթական կապերի զարգացումը։