Վաղ առավոտից Վանաձորի քաղաքապետարանի մուտքի մոտ տնակային ավանի բնակիչները քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից պահանջում էին համայնքապատկան 700 բնակարաններից իրենց բնակարան հատկացնել: Ցուցարարաների մի մասն ընդգրկված են բնակարանային հանձնաժողովի կազմում եւ այդտեղից պարզել են, որ համայնքի հաշվեկռում չբնակեցված բնակարաններ կան: Նրանք ասում են, որ վերջին մի քանի ամսում այդ բնակարանների թիվը պակասել է. «Վերջին նիստը օգոստոսին է եղել, շրջել, հատ-հատ ստուգել ենք բոլոր տնակներն ու բնակարանները, ահագին բացահայտումներ ենք արել, ու ինչի՞ համար, որ ձմեռվա շեմին էլի անտուն մնանք: Երկրաշարժի 30 տարին է լրանում, էդ տնակներն արդեն լրիվ քայքայվել են, մենք էլ հետն ենք քայքայվել, առողջություն չի մնացել: Հիմա էլ հույս տվեցին ու էլի մեզ ոչ մի բան չի հասնելու»:

Մյուս տնակային ավանների համար դիմել են կառավարություն, որ տնակների հողը սեփականաշնորհվի եւ իրենց ուժերով բնակարան կառուցեն: Բնակիչների մի մասը համաձայն է այդ տարբերակին: Սանկտպետերբուրգյան ավանի համար, միայն փողոցի նայող հատվածում է հնարավոր հող սեփականաշնորհել, իսկ մյուս կողմում՝ գետին նայող հատվածում խոնավության պատճառով նպատակահարմար չէ տնաշինական որեւէ ծրագիր իրականացնել եւ դեռեւ 2014թ-ից այդ տարածքը նախատեսված է նորարական լուծումներով զբոսայգու համար:

Տնակային ավանի բնակիչների եւ քաղաքապետի հանդիպումը երկար տեւեց: Մ. Ասլանյանն խոստացավ ցուցակներն անձամբ տանել եւ հանձնել տնակային ավանի բնակիչներին. «Դուք կարծում եք, որ քաղաքի հաշվեկշռում այդքան բնակարան լինի ու մենք քաղաքում տնակային ավան ունենանք: Էս պահին մի տան տեղ ցույց տվեք, որ ազատ է, հանձնեմ ձեզ: Այդ բնակարանները տերեր ունեն, ես ո՞ւմ տունը կարող եմ ձեզ հանձնել»:

Քաղաքացիներն էլ իրենց հերթին պնդում էին, որ կան մեծաքանակ բնակարաններ եւ քաղաքապետարանի աձնակազմն է դա տնօրինում. «Ամենքի ձեռքին մի 10-15 բանալի կա, ինձ էլ են առաջարկել գումարի դիմաց տուն տալ: Դրա համար մինչեւ հիմա տնակում եմ», -ասում է երկրաշարժի պատճառով վթարային դարձած Ավետիսյան 57 շենքի բնակիչ Գրիգոր Հովհաննիսյանը:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ