Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների վթարային շենքերի խնդրի վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է, որ վթարային շենքերի հետ խնդիր կա, և դա պետք է լուծել: «Այս առումով ոչ թե ծրագրեր ունենք, այլ անելիքներ ունենք, որովհետև, այո՛, ճիշտ եք ասում, այն շենքերը, որոնք կառուցվել են Սովետական Միության ժամանակ, կոնկրետ տարիներ ունեն, որ պետք է ծառայեն, այնուհետև պետք է փոխվեն, այսինքն՝ քանդվեն, իրենց տեղը պետք է կառուցվեն նորերը», -նշել է Մարությանը։

Նրա խոսքերով՝ դա մեծ ֆինանսական բեռ է, և այս ուղղությամբ աշխատանք պետք է իրականացնեն և՛ քաղաքապետարանը, և՛ կառավարությունը։ Մարությանի պնդմամբ՝ դրա համար նույնիսկ ծրագրի կարիք չկա՝ շենքերը պետք է քանդվեն ու նորերը կառուցվեն։ Խնդիրը միայն ֆինանսները հայթայթելու մեջ է։

Քաղաքապետը նշեց, որ ինքը ծանոթ է Մոսկվայի օրինակին, որտեղ արդեն սկսել են իրականացնել այդ քանդում-վերակառուցումը։

«Մենք էլ վաղ թե ուշ գալու ենք, այդ խնդրի լուծմանը կանգնելու ենք։ Իհարկե, սա չի լինի մոտակա 5 տարվա մեջ, խնդիրը չի առաջանա, բայց այն, որ պետք է այսօրվանից սկսել դրա մասին մտածել, դա՝ վստահաբար», -ասել է Մարությանը: