«Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանց, ովքեր «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի պանծացրին: Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար»՝ Ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում թողած այս գրառումով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ փաստեց՝ Ֆրանսիան երբեք չի մոռանա ցեղասպանության զոհ դարձած հայերին։

Գրառում կատարելուց առաջ Մակրոնը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի և մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ շրջեց հուշահամալիրում, ծանոթացել նրա պատմությանը, Ցեղասպանության մասին հավաստող փաստաթղթերին։ Այնուհետև Ֆրանսիայի նախագահը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի և պատվիրակության մյուս անդամների հետ ներկա են գտնվել նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում երեկ բացված երկու նոր ցուցադրություններին՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»:

Մակրոնը հուշահամալիրից հեռացել է՝ տնկելով խորհրդանշական արծաթափայլ եղևնի։