Ի պատիվ մեծն Շառլ Ազնավուրի, այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII գագաթնաժողովի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:



Գեղաթերթիկն ունի 870 ՀՀ դրամ անվանական արժեք, տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը, 20 000 տպաքանակով: Նամականիշի վրա պատկերված է լեգենդար ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, հասարակական գործիչ և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), իսկ գեղաթերթիկի վրա ներկայացված է մի հատված Երևանի Հանրապետության հրապարակում 2006 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած Շառլ Ազնավուրի համերգի լուսանկարից:

Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են Խուան Պաբլո Գեչիջյանը և Վահագն Մկրտչյանը: Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ: