4 ամիս առաջ արդեն Լոռու նախկին փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր աշխատասենյակը գտավ լրիվ դատարկ: Հարցը բարձրացնելուց հետո աշխատասենյակում ավելացավ միայն մեկ աթոռ, իսկ սոցցանցում նաեւ նկար՝ դատարկ սենյակի կենտրոնում աթոոի վրա նստած: Ու մինչ սենյակը կկահավորվեր Ա. Ղուկասյանն անցավ աշխատանքային հարցերի կարգավորման եւ բարձրացրեց այնպիսի խնդիրներ, որոնք մինչ այդ չէին համարձակվել բարձրաձայնել կամ աչքաթող էին արվել: Այսօր նա արդեն Լոռու մարզպետն է. «Պարտականություններս ու գործառույթներս են ավելացել, բայց համոզված եղեք, որ յուրաքանչյուր խնդիր պետք է իր լուծումն ստանա: Ահռելի ծավալի աշխատանքներ եւ խնդիրներ կան բոլոր ոլորտներում անխտիր, բայց առաջնայինն այս պահին երեւի կրթության ոլորտն է: Զբաղվել եմ առողջապահությամբ, շատ փոքր, բայց առաջընթաց կա: Մնացած ոլորտներով զբաղվել եմ դիմումների հիման վրա, իրավասություն չեմ ունեցել խորությամբ ուսումնասիրելու»:

Նորանշակ մարզպետն անդրադարձավ սպասվելիք կադրային փոփոխություններին, թեեւ ասաց, որ վարչություններ, բաժիններ եւ անձինք կան, ովքեր լավ չեն կատարում իրենց վրա դրված պարտականություններն ու գործառույթները, բայց խոստացավ կադրեր ընտրելիս չառաջնորդվել կուսակցական պատկանելությամբ. «Այս պահին անուններ, բաժիններ չեմ հնչեցնի, բայց փոփոխություններ կլինեն՝ միայն այդ մարդկանց գործառույթների հետ կապված: Ով ճիշտ իր տեղում կլինի, մոտիվացված եւ համահունչ կլինի հետհեղափոխական Հայաստանի պահանջներին, կմնա իր տեղում եւ կծառայի բնակչությանը: Կլինի մի փուլ, որ ես իմ ժամանակը կնվիրեմ ուսումնասիրությանը»:

ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ իր խոսքում նշեց, թե՝ ի դեմս Լոռու մարզի նկատել են, պատասխանատու, խնդիրների մեջ խորամուխ , պրպտող, դրանց լուծումները գտնող անձի. «Նրա հետեւողականության շնորհիվ մարզում առկա խնդիրները կարճ ժամկետում իրենց լուծումները կգտնեն, որոնք էլ որ արագ լուծվող չեն, դրանց հիմքերը կդրվեն եւ մեր միասնական ջանքերի արդյունքում հնարավոր կլինի լուծել»:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ