Հայաստանի ուսանողները հնարավորություն կունենան սովորելու Քվեբեկի ցանկացած համալսարանում: Սա Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հերթական ձեռքբերումն է։

«Ֆրանկոֆոն մի քանի պետությունների հետ ունենք միջպետական համաձայնագրեր, որոնց շրջանակում իրականացնում ենք ուսանողների փոխանակում: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շնորհիվ Քվեբեկի համապատասխան գերատեսչության կողմից Հայաստանի ուսանողների համար առաջարկվել է 10 կրթաթոշակ: Ի դեպ, բացարձակ կապ չունի, թե ինչ ծրագրով՝ բակալավրի, մագիստրոսի, թե այլ: Սա առայժմ կլինի մեկանգամյա միջոցառում, սակայն այն կդառնա լավ հիմք, որ սրա հիման վրա կառուցենք հետագա համագործակցությունը», -«Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։

Այսքանով, սակայն, չի սահմանափակվի հայ-ֆրանսիական կրթական համագործակցությունը: Ֆրանսիայի կառավարությունը, ըստ ամենայնի, ներդրումներ կանի նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և ֆրանսիական դպրոցի զարգացման համար:

«Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ֆրանկոֆոն երկրների տարբեր մակարդակների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ ինչպես բուհական, այնպես էլ դպրոցական մակարդակում: Հայաստան են ժամանել ֆրանկոֆոն համալսարանների ներկայացուցիչներ, որոնց հետ ունենք նախնական պայմանավորվածություն մեր բուհերի համապատասխան ֆակուլտետների ու ամբիոնների հետ աշխատելու համար», -ասել է Արևիկ Անափիոսյանը՝ հավելելով, որ այս օրերին Ֆրանսիայից, Բելգիայից և մի շարք այլ երկրներից նաև մասնավոր այցերով են տարբեր բուհերից ներկայացուցիչներ գալիս Հայաստան և այցելում կրթական հաստատություններ: