«Թաժա ԱԺ. բարով մաշենք», -գյումրեցին այսպես կշնորհավորեր վաղվա նորընտիր խորհրդարանի առթիվ: Սակայն առայժմ «թաժա ԱԺ»-ի ճակատագիրը դեռ մշուշոտ է: Խանգարող հանգամանքը մեկն է՝ հին, ավելի ճիշտ՝ արդեն քարթու ԱԺ-ն: Այդ հին ԱԺ-ի շարունակվելու ու սերունդ տալու «ինստինկտը» շատ թույլ է արտահայտված. շատ եսասեր է, շատ եսակենտրոն: Իրենից հետո ինքը բան չի պատկերացնում: Իսկ եթե պատկերացնում է, ապա՝ ջրհեղեղ: Իրեն թվում է ՝ իրենից հետո կյանքը շվարած կանգ է առնելու:

Էդ տեսակետից հալալ է Բաբլոյանին: Մարդը հենց հիմա էլ պատրաստ է շնորհավորելու այդ «թաժա ԱԺ»-ն: Ափսոս հլա չկա: Իսկ այ Շարմազանովի, Աշոտյանի ու Բաղդասարյանի բերանները դժվար բռնեն՝ շնորհավորեն: Հակառակը, իրենք ուզում են «թաժա ԱԺ»-ի ծնունդը հետաձգել ու երկարաձգել:
Ինչո՞ւ:
Ո՜նց ինչու:
Որ մի քիչ էլ պետության հաշվին գնան Ստրասբուրգ, գնան Վենետիկ, գնան Ամերիկա, ֆռֆռան, հետ գան: Հլա հավեսները լրիվ չեն հանել, ու հլա բյուջեում փող է մնացել:
Օրվա հոյակապ էդ ռեժիմը թողնեն ուրիշի՞ն:
Ուրիշը ո՞նց պտի էդ ռեժիմը վայելի. ուրիշն էդ վայելելու ձևերը գիտի՞: Ամեն հասնող հո չի՞ իմանալու:
Կամ, որ թողնեն ուրիշի, իրե՞նք ինչ են անելու:
Իրե՞նք ում են պետք:
Ինչ մասնագիտություն որ ստացել էին, լրիվ արդեն մոռացել են, ուրիշ փեշակ էլ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի էն Վաչագանի պես չունեն, որ մի բան անեն, իրենց հացը վաստակեն: Համ էլ, ի՞նչ փեշակ, իրենք վաղուց են աշխատելուց հետ վարժվել:
Իրենք հիմա մի՛ մասնագիտություն ունեն՝ դեպուտա՛տ:

Այս մասնագիտությանը տիրապետողն այլևս ոչ մի մասնագիտության չի տիրապետի: Այդ մասնագիտությունն այն միակ մասնագիտությունն է, որ ոչ թե իրեն են տիրապետում, այլ ի՛նքն է տիրապետում: Տիրապետում է իր դեպուտատին, սարքում իր գերին: Ու դեպուտատը, հավիտյան գերված, մանդատի տատուն է իր կրծքին դաջում՝ ուղիղ ծոցագրպանի դրամապանակի տակ. իր սրտի ամեն բաբախյունի հետ մանդատն է դրամապանակի հետ դաշն բաբախում…

Դեպուտատն անգամ… մարդ չէ:
Դեպուտատը, ոնց որ իրա սեղմած կոճակը, պառլամենտի մի ատրիբուտ է: Դեպուտատն էնքան է սովոր, որ ինչ կոճակ տեսնի իր շուրջը, սեղմի, որ ասենք մի տեղ հավաքվել, քեֆ են անում, գնում սրա-նրա կոճակ է սկսում սեղմել, անգամ սրա-նրա կնո՛ջ կոճակ է սեղմում, էնքան, մինչև որ իրա՛ կոճակներն են սկսում ակտիվորեն սեղմել ու ուշքի բերել…

Առանց կոճակի դեպուտատը նույնն է, ինչ ՀՀԿ-ն առանց իրա «Գազելների» ու հին, բայց «ակտիվ» իր մեռելների, որ բաժանված էին ընտրաթեմերի՝ Թոխմախի ընտրաթեմ, Կարմիր բլուրի ընտրաթեմ, Նուբարաշենի ընտրաթեմ…

Էն աշխարհից գանք նորից էս աշխարհ ու զգո՜ւյշ ամփոփենք:
Թաժա ԱԺ-ն հենց լրիվ ընտրվեց, մաղթենք նրան, որ հին ԱԺ-ի նման ժամանակի հետ իրեն չկորցնի, այլ հնի կորցրածը գտնի, հետ բերի:
Ի՛նչն է էդ կորցրա՞ծը:
Խի՛ղճն, ուրիշ ի՞նչը:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ