Ապացույցներ են հայտնվել, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Հայաստանում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հիմնականում խաղաղ ցույցերի մասնակիցներին և հարձակումներ գործել դրանք լուսաբանող լրագրողների վրա։ Այս մասին գրում է Human Rights Watch-ը: Հատկանշական է սակայն, որ երկու տարի անց ոչ միայն ոչ մի պաշտոնյա քրեական պատասխանատվության չի ենթարկվել դրա համար, այլև դեպքերի հետաքննությունը այժմ դադարեցվել է:

Սեպտեմբերի վերջին իշխանությունները դադարեցրին ցուցարարների և լրագրողների դեմ բռնության գործով քրեական հետաքննությունը՝ պատճառաբանելով, որ հնարավոր չէ պարզել պատասխանատուներին: Սա թերևս նշանակում է արդարադատության կասեցում, գուցե և՝ անորոշ ժամանակով: Human Rights Watch-ը փաստագրել է 2016 թ. հուլիսի 17-ին Երևանի ՊՊԾ գնդի գրավումից հետո սկսված ցույցերի մասնակցների նկատմամբ ոստիկանության կողմից ամենածանր արձագանքի դեպքերը:

Հուլիսի 29-ին ոստիկանները նռնակներ արձակեցին ՊՊԾ գնդին հարող փողոցներում հավաքված ցուցարարների վրա, ինչը հանգեցրեց մի շարք ցուցարարների և լրագրողների մոտ այրվածքների: Ոստիկաններն ու նրանց հետ համագործակցող քաղաքացիական հագուստով անձիք փայտե մահակներով և երկաթե ձողերով ծեծի ենթարկեցին լրագրողներին ու ցուցարարներին՝ վնասելով նաև լրագրողական սարքավորումները: Ոստիկանությունը նաև ձերբակալեց բազմաթիվ ցուցարարների, այդ թվում ցույցերի առաջնորդներից Անդրեաս Ղուկասյանին՝ դաժան ծեծի ենթարկելով նրան:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում իրավապահ մարմինների կողմից լիազորությունների չարաշահման համար պատասխանատվության ենթարկելու հարցը մշտական խնդիր է եղել, և սա էլ բացառություն չէր:

2016 թվականի օգոստոսին էլ իշխանությունները պաշտոնանկ արեցին Երևանի ոստիկանապետին, քանի որ նա չէր կարողացել կանխել ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը, բացի այդ, հեռացրին կամ նկատողություն արեցին առնվազն 17 այլ ծառայողների: Սակայն երկու տարի տևած քննությունը եղել է միակողմանի, ինչի հետևանքով առնվազն 21 քաղաքացի է դատապարտվել: Միայն հուլիսին իշխանությունները մեղադրանք առաջադրեցին մի ոստիկանի դեմ լիազորությունների չարաշահման համար, և գործն ուղարկեցին դատարան, որտեղ այն դեռևս սպասման փուլում է:

Հետաքրքիր զուգադիպությամբ նույն օրը, երբ իշխանությունները դադարեցրին քննությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց՝ 2008թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած ցույցերի գործով: Դատարանը վճռեց, որ իշխանությունները չեն կարողացել քննել ոստիկանական բռնությունները ցուցարարների դեմ, փոխարենը հետապնդումների են ենթարկել հենց ցուցարարներին: Սա պետք է ազդակ լինի իշխանություններին, որ խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանական բռնությունների այլ դեպքեր նույնպես կարող են հետագա քննության ենթարկվել:

Այս գարնանը Հայաստանում տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս գալու բազմաթիվ պատճառներից մեկն էլ արդարադատության համակարգի նկատմամբ հանրային անվստահությունն էր: Թերևս այս դեպքը պետք է Նոր Հայաստանի համար լավագույն օրինակը լինի հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար։