Մինսկում ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Դուշանբեում թույլ է տվել նվազեցնել լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնում է Sputnik Բելառուսը։

«Բոլորը նկատել են Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների շփումները։ Ես ինքս բազմիցս ականատես եմ եղել` ինչպես էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտենում միմյանց ու քննարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը», -ասել է Լեբեդևը։



Նա փաստել է, որ հանդիպման արդյունքն ակնհայտ է, լարվածությունը տարածաշրջանում նվազել է։ Նրա խոսքով` երկու երկրներում լարվածության նվազեցման մասին հրահանգներ են տրվել պատասխանատու կառույցներին։

«Հույս ունենք, որ երկու պետությունների ղեկավարների առաջին բովանդակային շփումը կշարունակվի ու հակամարտության կարգավորման համար դրական արդյունք կտա», -ավելացրել է Լեբեդևը։

Ըստ Լեբեդևի, բոլոր առաջնորդները դրական են վերաբերվել Դուշանբեում Համագործակցության գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի շփումներին. «Դրանք դրական քայլեր են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաև երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարևոր պայմանավորվածությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, նրանց միջև օպերատիվ կապի հաստատումն է եղել։