ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2018թ. սեպտեմբեր ամսին ստացվել է 8 հեռախոսազանգ՝ տեղեկանում ենք նախարարության լրատվական ծառայությունից: «Թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարած քաղաքացին դժգոհությունն է հայտնել, որ Գյումրի-Երևան ուղղությամբ գնացքի վագոնը եղել է գերբեռնված, խախտվել են վագոններում հիգիենայի պահպանման կանոնները: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի և վագոններում սանիտարական վիճակի նկատմամբ։

Մեկ այլ քաղաքացի տեղեկացրել է, որ դեռևս 2016թ. հանձնել է իր և որդու՝ տաքսի վարելու լիցենզիաները, սակայն վերջերս պարզվել է, որ չմարված տուրքերի պատճառով արգելանք է դրվել իր բանկային հաշիվների վրա: Քաղաքացու բողոքն անմիջապես ուղարկվել է Լիցենզավորման գործակալություն, որտեղ հարցը ուսումնասիրվում է, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Քաղաքացիներից «թեժ գծով» ստացված երկու հեռախոսազանգ էլ վերաբերել է միջազգային ուղևորափոխադրումներին, մասնավորապես, ուղևորափոխադրող ընկերություններից մեկից տեղեկություններ ստանալուն և Վրաստան-Ռուսաստան անցակետում ծագած խնդիրներին: Անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելուց հետո նախարարության ներկայացուցիչները կապ են հաստատել քաղաքացիների հետ և համապատասխան պարզաբանումներ տվել:

Մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ հեռուստաալիքների հեռարձակման խափանումներից հետո ալիքների կարգավորման խնդիր է առաջացել: Քաղաքացու բողոքն անմիջապես փոխանցվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիո հաղորդիչ ցանց» ՓԲԸ: Հաջորդ օրը վերջինս զանգահարել է «թեժ գծի» հեռախոսահամարով և շնորհակալություն հայտնել արագ արձագանքման և խնդրին հրատապ լուծում տալու համար:

Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացված 3 հեռախոսազանգերը վերաբերել են հեռուստատեսային թվային ընդունիչ սարքերի համալրմանը և հեռուստաալիքների ընդունման որակի բարելավմանը: Ընկերության մասնագետները քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն են տրամադրել:
Սեպտեմբեր ամսին ևս «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով քաղաքացիները օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: