Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց՝ Առողջապահության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 38 մլն դրամ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի բուժման համար հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերման համար։ Նշված գումարի մի մասը՝ 25. 891 մլն դրամը, կհատկացվի «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին», իսկ մյուսը՝ 12,186 մլն դրամը, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին»։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հիշյալ երկու կազմակերպությունների կողմից հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերման նպատակով միջազգային գնումների վեց գործակալներին առաջարկվել է ներկայացնել գնային առաջարկներ:

ՊՈԱԿ-ներին նշված գումարները տրամադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխել ՀՀ 2018թ. պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերը: Մասնավորապես, նախատեսվում է «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին եւ հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի անվանացանկով նախատեսված հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի և ԲՆԱ-ների գումարների նվազեցում։ Նախատեսվում է նաև գլիմեպիրիդ-մետֆորմին, հիդրօքսիկարբամիդ, դեսմոպրեսինի ացետատ դեղերի քանակների նվազեցում, որոնք 2018թ. ընթացքում չեն գնվելու` հաշվի առնելով դեղերի մնացորդները եւ առողջապահական կազմակերպությունների կողմից տրամադրված հաշվետվությունների արդյունքում արձանագրված պահանջարկի վերագնահատման արդյունքները:

Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում հակառետրովիրուսային եւ հակատուբերկուլյոզային դեղերի անընդմեջ մատակարարում, որի հետեւանքով կապահովվի Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կանխարգելումը եւ բուժումը: