Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի զննման արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ 153 կարատ տարբեր չափերի ադամանդե քարեր՝ հայտնում է կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Պարզվել է, որ քաղաքացին մաքսանենգ ապրանքը փորձել է տեղափոխել ջինսե տաբատներում նախապես պատրաստված թաքստոցներում: Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով: