Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին, Հայաստանի անկախության օրը նշանավորում է իր հեծանվարշավով, որի ընթացքում նպատակ ունի անցնել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով, և ճանապարհն ավարտել հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։ Ճանապարհի կեսն արդեն հաղթահարել է, կեսն էլ առջևում է։
Այս ծրագրի ընթացքում Արիանան նաև դրամահավաք է անցկացնում՝ COAF-ի հետ համատեղ՝ հանուն երեխաների բարօրության։ Արդեն իսկ հավաքվել է մոտ հինգ հազար դոլար։ Հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։ Հավաքվելիք 5,500 ԱՄՆ դոլարը կծառայի 6 գյուղերի սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։ Այս հեծանվարշավի օգնությամբ Արիանա Կաոիլին ուզում է նաև ուշադրություն հրավիրել կանանց ուժի և նպատակասլացության վրա՝ փորձելով կարծրատիպեր կոտրել։

                                                                                                  Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ