ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծես թե ինտրիգների լավ էլ թունդ սիրահար է։ Այնտեղ, որտեղ դրանք կան, նա ավելի է թեժացնում, իսկ երբ չկան, ինքն է ստեղծում՝ պարզապես մի գեղեցիկ ստատուս փակցնելով իր ֆեյսբուքյան պատին։ Այս անգամ էլ անդրադարձել է Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը՝ կապված վերջերս իր մասին սկանդալային բացահայտման հետ։

Գրելով, որ բժշկական համալսարանում իր ունեցած «հետաքրքիր օրերը» իրականության հետ կապ չունեն՝ այն վերագրել է զրպարտություն իր անձի նկատմամբ։ Իսկ այդ հարցի՝ ՀՔԾ-ի կողմից թարմացումը, ինչպես ինքն է գրել, համարում է սպառնալիք ու ճնշում։ Հատկանշական է, որ ՀՔԾ-ն էլ իր հերթին որևէ նման դրսևորում չի նկատում իր հայտարարության մեջ և ապացույցներ չներկայացնելու դեպքում՝ Աշոտյանից պահանջում հրապարակային հերքում։ Թերևս այս անգամ էլ Աշոտյանը փորձել է թեժացնել կրակը՝ իր ստատուսների շնորհիվ քամի անելով. «Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող եւ իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված։ Երկար ժամանակ է, ինչ այդ զրպարտությունը բացառապես լրատվական առիթ էր որոշ զլմների համար, իշխանափոխությունից հետո մի պահ խնդրով հետաքրքրվեց դատախազությունը, իսկ ներքաղաքական իրավիճակի սրացումից անմիջապես հետո գործի անցավ ՀՔԾ-ն։ Այս մանրամասները ստիպված շարադրում եմ՝ ամենեւին նպատակ չունենալով ազդել հարուցված գործընթացի վրա, միաժամանակ այս ժամանակահատվածում տվյալ հայցի թարմացումը ՀՔԾ-ի կողմից գնահատում եմ ինձ սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ։ Հիշեք, որ իմ քաղաքական հայացքները մնում են անփոփոխ»:

Նախօրեին էլ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ Աշոտյանին կոչ անելով զերծ մնալ կառույցի հասցեին հերյուրանքներ տարածելուց. «Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում՝ իրեն սպառնացած՝ ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում՝ նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում եւ հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»։