ԱՄՆ նախագահ Թրամփը շարունակում է մեկը մյուսի հետևից կտրուկ քայլերի դիմել. դեռևս անցած շաբաթ Թրամփի վարչակազմը երկու սկանդալային գործողություն իրականացրեց։Նրա քայլերի կտրուկությունը շեշտելու համար նշենք, որ Թրամփի նախագահության երկու տարուց պակաս ժամանակահատվածում Միացյալ Նահանգները դուրս է եկել Իրանի միջուկային, կլիմայի միջազգային համաձայնագրերից, Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունից, սպառնացել է հեռանալ ՆԱՏՕ-ից, հեռացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և կրճատել ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալություն ֆինանսավորումը։ Նշենք, որ այդ գործակալությունը վերջին 70 տարիների ընթացքում մարդասիրական օգնություն էր տրամադրում միլիոնավոր պաղեստինցի փախստականների։

Այս շարունակվող գործընթացների պարագայում հնարավո՞ր է սահմանադրագետ իրավաբանները կասկածի տակ դնեն Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ Սենատի վավերացրած միջազգային պայմանագրերի չեղյալ հայտարարելու օրինականությունը։ Արդյոք Սենատը չպե՞տք է իր համաձայնությունը տա Սպիտակ տանը, մինչև նրա դուրս գալը նման պայմանագրերից։ Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս էլ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է 1955 թ. ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված Բարեկամության համաձայնագիրը։

Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2018թ. հոկտեմբերի 3-ին ընդունվեց միաձայն որոշում, որ Միացյալ Նահանգները պարտավոր է վերսկսել մարդասիրական ապրանքների և պահեստամասերի արտահանումը Իրան՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին: Եվ քանի որ Իրանը դատի էր տվել ԱՄՆ-ին միջազգային դատարանում, դա արդեն հաղթանակ էր Իրանի համար:

Նախագահ Թրամփը վերսկսեց Միացյալ Նահանգների պատժամիջոցներն այս տարվա մայիսին: Պատժամիջոցները վերաբերում էին դոլարային գործարքներին, սննդամթերքի արտահանմանը և ալյումինի ու պողպատի վաճառքին: Նոյեմբերին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կավելացնի Իրանի նավթի վաճառքի, էներգետիկ և տրանսպորտային հատվածների ու արտասահմանյան ֆինանսական գործարքների դեմ:

Դատավճռից հետո Միջազգային դատարանի նախագահ Աբդուլքավի Յուսուֆը հայտնեց, որ դատարանի հրամանը կիրառվում է դեղամիջոցների և բժշկական սարքերի, սննդամթերքի, գյուղատնտեսական ապրանքների ու քաղաքացիական ավիացիայի համար պահեստամասերի ու սարքավորումների նկատմամբ:

Նշենք, որ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, սակայն դրանք հարկադրելի չեն: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է՝ Իրանը «ծաղրանքի է վերածել» Բարեկամության համաձայնագիրը: Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգներին անվանել է «օրինազանց վարչակարգ»:

Մյուս կողմից էլ ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ անցած շաբաթ ՄԱԿ-ում հանդիպումների ժամանակ Թրամփը, Պոմպեոն և Բոլթոնը հանդես են եկել Իրանի դեմ և հանդիմանել այլ անդամ պետությունների և ՄԱԿ-ի մարմիններին ամերիկյան շահերին չծառայելու համար: Նրանց մոտեցումը արժանացել է սառը արձագանքի: Նախագահ Թրամփի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նստաշրջանում ՄԱԿ-ի ամենաազդեցիկ կառույցի յուրաքանչյուր անդամ հանդիմանել է Վաշինգտոնին խորհրդի կողմից համաձայնեցված միջուկային գործարքը մերժելու համար։

ԱՄՆ-ի կողմից մեկ այլ սենսացիոն հայտարարություն էլ եղավ հոկտեմբերի 3-ին, երբ Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս կգա դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի «ֆակուլտատիվ արձանագրությունից»։ Այս որոշումը պայմանավորված էր Պաղեստինի իշխանության կողմից ԱՄՆ-ի դեմ անցած ամիս՝ սեպտեմբերին Միջազգային դատարան բողոքի ներկայացմամբ։ Պատճառը Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելն էր։

Վիեննայի կոնվենցիան միջազգային պայմանագիր է, որը կանոնակարգում է դիվանագիտական հարաբերությունները պետությունների միջև և ապահովում է դիվանագետների անձեռնմխելիությունը: Հատկանշական է, որ Բոլթոնը հատուկ շեշտադրմամբ հայտնեց՝ Միացյալ Նահանգները մնում է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կողմ. «Մենք ակնկալում ենք, որ մյուս բոլոր կողմերը կպահպանեն կոնվենցիայով նախատեսված իրենց միջազգային պարտավորությունները»:

                                                                                                          Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ