Հոկտեմբերի 8-ին Պրահայի Ստրահովյան նշանավոր վանքի գրադարանի Աստվածաբանական դահլիճում, որը համարվում է Եվրոպայի հնագույն և շքեղ գրադարաններից մեկը, բացվել է «Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևոր արվեստը և երաժշտությունը միջնադարյան ձեռագրերում» խորագրով ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից, ներկայացված ցուցանմուշների շարքում են Մատենադարանի մի շարք ձեռագրերի բնօրինակներ և ընդօրինակություններ, երեք ձեռագիր Վիեննայի Մխիթարյանների հավաքածուից, երկու ժապավենաձև Հմայիլ Բասմաճեան մասնավոր հավաքածուից (Փարիզ) և մի քանի այլ նմուշներ, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս հայ հոգևոր մշակույթի՝ մասնավորապես, մանրանկարչության և երաժշտական արվեստի մասին: Ցուցահանդեսի նյութերը հանգամանորեն ներկայացված են ծավալուն կատալոգում:

Բացմանը, որին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկանի, Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավճյանի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ մեկտեղ ներկա էր նաև Մատենադարանի փոխտնօրենը, իր խոսքում շեշտել է. «Ընդամենը երկու շաբաթ առաջ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված, հայ արվեստին նվիրված ընդգրկուն ցուցահանդեսում նույնպես հայերեն ձեռագրերին կարևորագույն տեղ է հատկացվել, քանի որ ձեռագիր գիրքը հայկական մշակութային ժառանգության գլխավոր բաղկացուցիչներից մեկն է»։

Մատենադարանի ֆեյսբուքյան էջից նաև տեղեկանում ենք, որ Չեխիայում ՀՀ դեսպանության ու Ստրահովի վանահամալիրի նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի կոչված ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի5-ը։