Մահացել է ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը, որն ավելի հայտնի էր «Միայնակ Գայլ» մականունով` այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Արայիկ Խանդոյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 19-ին, Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղում: Նա Արցախյան պատերազմի մասնակից էր, «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության եւ «Սասնա Ծռեր» խմբի անդամ:

Խանդոյանն Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից էր։ 17 տարեկան հասակում, Արցախյան շարժման սկզբնական շրջանում, Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։ 1989թ. զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990թ. արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ. հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։
Նա ամուսնացած էր, ունի 5 երեխա։
Henq.am-ը հայտնում է իր խորին ցավակցությունը նրա ընտանիքին, հարզատներին, մարտական ընկերներին: