ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ
Արշակյանը «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցներին շնորհավորել է Փոստի
համաշխարհային օրվա առթիվ՝ տեղեկացնում է
նախարարության լրատվական ծառայությունը: Շնորհավորական խոսքում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ:
Ժամանակի հետ ապրելով տեխնոլոգիական փոխակերպումներ՝ փոստային
ծառայությունները չեն կորցնում իրենց կարևորությունը հասարակության
կյանքում: Ներկայում առևտրային առցանց ժամանակակից հարթակների զարգացման,
տարածման և առաքվող ապրանքների ծավալների կտրուկ մեծացմանը զուգընթաց՝
փոստային ծառայությունների դերն ավելի է ընդգծվել։

Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի՝ «Հայփոստի»
աշխատանքի նշանակությունը շատ մեծ է մեր երկրի տնտեսական ու հասարակական
կյանքի առաջընթացի համար: Իրապես հավատում եմ, որ ոլորտի զարգացումը, մատուցվող ծառայությունների
որակի բարձրացումը մեծապես կախված է յուրաքանչյուր փոստային աշխատողի
նվիրվածությունից և գործի հանդեպ բարձր պատասխանատվությունից։ Մաղթում եմ,
որ «Հայփոստի» մատուցած ծառայությունների շրջանակը գնալով ընդլայնվի և
ընկերությունը բարձրացնի իր աշխատանքի որակն ու արագությունը՝ ապահովելով
բնակչության համար առավել մատչելի և հարմարավետ պայմաններ: Ցանկանում եմ բոլորիդ բարօրություն և նորանոր հաջողություններ ձեր շնորհակալ գործում»: