1945-ի ապրիլի 25-ին Տորգաու քաղաքից ոչ հեռու՝ Էլբա գետի ափին, Խորհրդային (Կարմիր) բանակի 1-ին Ուկրաինական ճակատի զորքերը հանդիպեցին ԱՄՆ 1-ին բանակի զորքերի հետ: Զորքերի հանդիպման արդյունքում Գերմանիայի զինված ուժերի մնացուկները կիսվեցին երկու հատվածի՝ հյուսիսային և հարավային:

«Վիքիպեդիա», Ազատ հանրագիտարան

Իսկ 2018-ի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության շենքում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը:

45 թվին կայացած հանդիպման առթիվ եկեք անաչառ լինենք ու խոստովանենք, որ գերմանացիք ԽՍՀՄ-ի դեմ՝ Արևելյան ճակատում, տասնապատիկ շատ ու տասնապատիկ զորեղ ուժ էին հանել, քան արևմտյան ճակատում, ընդսմին՝ վերջինս բացվեց միայն, երբ այդ պատերազմին մնում էր մի տարի ու դրա ելքն արդեն Կարմիր բանակն իր ծով արյամբ էր վճռել: Ընդ որում՝ Խորհրդային (Կարմիր) բանակի դեմ կռվում էին Վերմախտի «կրակված»-մարտունակ դիվիզիաները, իսկ Արևմտյան ճակատում գրեթե կռիվ չտեսած, աֆրիկյան «սաֆարիից» կերած-խմած եկա՛ծ դիվիզիաները:

Ինչևէ: Ամեն դեպքում լավ է, երբ այս աշխարհում դաշնակից ունես ու դաշնակցիդ հետ հանդիպում ես, որ հաղթանակ տոնես, դափնիներ կիսես: Թեպետ, ձեռքներս սրտներիս որ դնենք, այդ դափնիները գլխավորապես ու արդարացի պետք էր շնորհել Կարմիր բանակին, որտեղ նաև մեր պապերն էին կռվում, ու այն էլ ինչպե՜ս: 100-ից ավելի ԽՍՀՄ հերոս հայազգի, 100-ից ավելի գեներալ, հետախուզության բնագավառի «անտեսանելի», սակայն հանճարեղ կորիզը էլի մեր պապերն էին: Հայից առավել հմուտ հետախույզ արար աշխարհը չուներ ու չունի:

Շատ, սակայն տեղին շեղվեցինք. հետ գանք մեր օրեր ու նորից հիշենք, թե ինչ կատարվեց. Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպեցին ու հուշագիր ստորագրեցին:
«Մեմորա՜նդում»:
Բա՞: Ի՜նչ շքեղ բառ է: Ըստ այդ հուշագիր-«մեմորանդումի»՝ Ծառուկյանի թիմը չի քվեարկում մի այլ վարչապետի օգտի (կա՝ էս է, չկա՝ էս է երդում-սկզբունքով) և դեմ չէ արտահերթ ընտրություններին, անգամ եթե դրանք նշանակվեն արդեն իսկ դեկտեմբեր ամսին:

Դե ինչ, բռավո, մաեստրո Ծառուկյան, բռավո, մինչև էդ վարպետության թեկնածու, այսուհետ բանակցելու վարպետ վարչապետ: Սրանից էլ լավ սիրո ու համերաշխության հեղափոխության շարունակությո՞ւն:

Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա կամ իրենք իրենց կգցեն վերջին վագոնը, կամ, ոնց որ էն երգում է ասվում, «Вагончик тронется, перрон останется»: Բա՞: Իսկ մի ժամանակ ի՜նչ աժիոտաժ էր՝ իրե՛նց գնացքը գցվելու խաթեր, իրենց քաշին փող պիտի տային, որ իրենց գնացքի «տոմս» հայթայթեին, իսկ հիմա իրենք են ստիպված գցվել, գնացքի վերջին վագոնից կառչել, հակառակ դեպքում՝ «Вагончик тронется, перрон останется»… «А на перроне – ты, как… полный дурак»:

Ի՜նչ զարմանալի զուգադիպություն. ֆիլմը, որտեղ այդ երգն է հնչում, «Ճակատագրի հեգնանք» է կոչվում…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ