Զրույց թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուի հետ նրա «Այսուհետ Ազնավուրն էլ չկա» վերտառությամբ հոդվածի հիմքով:

Խնդրում եմ ներողամիտ լինել Քո հոդվածի վերնագրին արած փոքրիկ հավելմանս համար, բայց կներես, Մեծագույն ու Մեծազարմ Ազնավուրին թողած (թող հավետ քաղցր լինի նրա հիշատակն ու լույս իջնի  շիրիմին)՝ զրույցիս թեման հենց այդ փոքրիկ, իրականում անչափ մեծ հավելումն է լինելու, քանզի ե՛ս էլ, դո՛ւ էլ կանք, դեռ կանք այս մեղավոր աշխարհում ու խնդիր ունենք լուծելու:

Չէ՛, 1915-ին իմ ազգին պատուհասվածի համար քեզնից ոչ հաշվետվություն եմ պահանջելու, ոչ էլ հոդվածի մեջ «մենք ինչ իմանայինք, որ նա հայ էր» ռեֆրենների համար քո փոխարեն արդարացումներ եմ փնտրելու ինքդ քո առջև լիախոս չլինելու անկարողության համար՝ քաջ հասկանալով, որ քո երկրի պես դու դեռ մարսելու՝ պատմական ճշմարտությանն առերեսվելու խնդիր ունես: Հուսամ, որ դրա համար էլի՛ մեկ դար չի պահանջվի, ու երբեք չհավատաս, որ մահացածները խոսել չգիտեն, ու որ նրանց փոխարեն կարող են խոսել լոկ  նրանց ժառանգները: Սա չափից դուրս նուրբ, նրբության հետ մեկտեղ փիլիսոփայական, փիլիսոփայականի հետ հոգեբանական պատրաստվածության հենք ունեցող խնդիր է, որ դիմացինին չես կարող պարտադրել ու ստիպված ես ակնկալել նրա հասունությունը: Քեզ չճանաչելն ինձ որոշակիորեն կաշկանդում է հետևությունների մեջ, ուստի թող սրանում լինեմ կեսբերան:



Դու ասում ես. «Մեր գործը նրա երգերը սիրելն էր»:
Սա արդեն ինքնին մեծ բան է, որովհետև իմ մեծ հայրենակիցն, ով, ի դեպ, քո մեծ հայրենակիցն է նաև (դու այդ մասին հստակ ես արտահայտվում), գաղթականի պարտադրված իր հեռվից, քո իսկ վկայմամբ «մարդկանց, ժողովուրդների դեմ պահանջ չուներ...» (ես ամբողջովին հարազատ եմ մնում քո տեքստի թարգմանությանը) ու իսկույն ևեթ հավելում ես՝ «մենք էլ էինք ուզում, որ չունենար»: Գիտե՞ս՝ ես սրտանց ուրախ եմ քո ասածի համար ու դրան հաջորդած կախման կետերը, եթե իրապես եմ հասկանում, որ նույն զգացողությունն ունենք դրանց կիրառման պարագայում, ինձ ավելի են ոգևորում, քանզի կարծես թե ուրավագծվում է իմ ու քո, մեր ներկայացրած ազգերի միջև երկխոսության անհրաժեշտությունը, և որ անվերջ ժխտողականությունը ճանապարհ է դեպի փակուղի:

«Երգերը թշնամի չէին...», -ասում ես դու ու առանց ընդմիջվելու հավելում՝ «և իրականում հենց ինքն էլ թշնամի չէր…»:
Խոսքիդ առաջին մասի բանաձևումն աքսիոմատիկ ճշմարտություն է, ուստի չեմ ծանրանում բացահայտ ճշմարտության փաստման վրա, բայց ահա որ «և իրականում հենց ինքն էլ թշնամի չէր…», մեղմ տարակուսանքի տեղիք գուցե թե այնուամենայնիվ տալիս է, որովհետև, կներեք, Շառլը՝ կյանքի այդ խե՜նթ սիրահարն ու սիրերգակը, թշնամի՞… բայց երբ փորձում եմ հասկանալ, թե պարզապես արվեստասերիցդ դուրս քո այս բարձրաձայնումը նաև կամային ի՛նչ դրսևորումների, հոգեբանական ի՛նչ բարդույթների հաղթահարման արդյունք է, ինձ քո մտքերն ավելի ու ավելի են դուր գալիս, որովհետև մենք կարծես թե իրար հետ նույն ուղղությամբ նայելու փորձ ենք անում:

Բայց և այնպես ինձ անսահմանորեն շոյում է այն, որ զգացմունքային ու գուցե թե նաև տրամաբանական (այս վերջինիս ավելի եմ հակված) տարբեր վարիացիաներով անվերջ կրկնելով «ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր…» արտահայտությունը, դու էլ ինձ ու միլիարդավորների նման ցավից կուչ եկար նրա կորստյան սարսափից ու կշռեցիր, տվիր-առար քո մեջ, որ մեծությունները որքան էլ աշխարհի՛նն են՝ հանո՛ւրի սեփականությունը, այդ աշխարհինը լինելով հանդերձ՝ նա՛խևառաջ իրենց ծնած ժողովրդի զավակն են, նրա գենետիկ կոդի կրողը:

Գիտե՞ս, քո այս հրապարակումը հիմք ունենալով՝ կարելի է անվերջ շարունակել մեր այս միջնորդավորված զրույցը, սակայն դու ինքդ ես դրել դրա հրաշալի վերջաբանը, ինչը ես նույնությամբ հիշատակելու եմ՝ քո լուռ համաձայնությամբ ինձ վերապահելով այն նաև իմ նյութի վերջաբանը դարձնելու պատիվը:



«Մի օր Ստամբուլի գրախանութներից մեկում, երբ դրամարկղի մոտ սպասում էի իմ հերթին, մի երիտասարդ սեղանին դրեց «ֆրանսերեն երգերի» ձայնասկավառակը. Բրել, Ռեգիանի և ուրիշներ: Նկատեցի` 12 երգիչներից միայն Ազնավուրն է ողջ: Ծերությունը այդպիսի բան է… «Լավ պահեք Ձեր ձայնասկավառակը, միայն նա է ողջ մնացել: Այն էլ համերգները չեղյալ է հայտարարել: Դեռևս երեկ ասաց՝ մեկ լավ եմ, մեկ վատ»,  -ասացի ես:
Ներողություն, մենք որտեղի՞ց իմանայինք…
Հիացած մնացինք նրա ձայնով, երգերով, որոնք կարծես թաքուն հրավեր էին գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու»:

                                                                                                      Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ