Աշխարհը համաձայն է, Վահրամը տարաձայն է:
Աշխարհը ձայնավոր է, Վահրամենք բաղաձայն են:
Ինչ է պատահե՞լ:
Էլի սեթևեթում են: Պառաված պչրուհու սեթևեթանքով:
Կա՝ էս է, այսինքն՝ մայիս ամիս է, չկա՝ էս է, այսինքն՝ բացառվում է դեկտեմբեր ամիսը…
Դրա դեմ մի հատ լավ միջոց կա. հայելում ձեզ նայեք, տեղում կփոշմանեք ձեր էդ «սկզբունքայնությունից», «քաշո՛տ» պարոնայք ու «թշո՛տ» տիկնայք: Անցավ ձեր ժամանակը սեթևեթանքի: Սթափվեք. ցեխի մեջ թավալվում եք, քիչ է, դեռ անցնող-դարձողի էլ դիտողություն եք անում ձեր պառկած տեղից, ձեր պառկած տեղի ցեխից շպրտում անցնող-դարձողին:

Մայիս ամիս եք բղավում-ուզում: Ախր էդ ձե՜զ էլ հեչ ձեռնտու չէ: Ախր մինչև էդ մայիս ամիսը ձեզնից, վախենամ, էլ բան չմնա. կփոշիանաք, հետո կջրվեք ու ցեխ կդառնաք. արդե՛ն սկսել եք…
Խորհուրդ եմ տալիս էդքան չուշացնել, որ ձեզնից գոնե ինչ-որ բան մնա, մի թերմացք գոնե ձե՛զ հիշեցնի, որ տեսնողներին դաս ու ահ լինի, որ ի ցույց դնեն ձեզանից հետո բեմ ելնողներին, ասեն՝ ա՛յ, տեսե՛ք՝ ո՛ւր և ինչի՛ է ահա հասցնում, երբ մարդն արարած երևակայում-կարգում է իրեն արարող Աստված: Ի ցույց դնեն, որ այդուհետև չհամարձակվեն՝ ձեզ նման լինել, ձեր ուղին բռնել: Որ իրենց քավորի սանիկը հանկարծ ավազակ չըլնի, որ իրենց քավո՛րը համաձայն չըլնի բոլորի միջից հենց ավազակի՛ն քավոր կարգվելու…

Ասա՝ով է սանիկդ, ասեմ՝ ով ես դու:
Հասել էինք, պարզվում է, անդունդի եզրին, քանզի ՀՀ նախագահը քավոր էր կանգնում ավազակների, ու դրանց բերում-կոխում պառլամենտ: Համաշխարհային վիճակագրությամբ՝ ուրիշ մի երկրում կա՞ նման մի բան, նման նախադեպ:
Էսքանից հետո դեկտեմբեր-մայիս «բազա՞ր» եք անում:
Դե մի կեսբերան էլ մարդկանց բացատրեք, թե էդ ո՞նց եղավ, որ ձեզնից ընտրված պատգամավորը ցերեկը մասնակցում նստաշրջանի ու քվեարկությա՛ն կոճակ էր սեղմում, գիշերը գնում, նույն մատով սեյֆի՛ կոճակ էր սեղմում, կողոպուտ անում, ու կողոպտածը տանում տուն, պահում:
Իսկ միգուցե դուք էդ մասին լա՜վ էլ տեղյա՞կ եք եղել, կամ միգուցե դա բոլորիդ համար շատ սովորական մի բա՞ն է եղել: Նման բան անգամ մե՛ր սերիալներում չեն համարձակվի նկարահանել՝ մտածելով, թե ճշմարտանման բնա՜վ չի լինի: Կինոյո՜ւմ անգամ, վախ կա, չհավատան, իսկ ձեր շարքերում, պարզվում է, դա իրական է ու շա՜տ առօրեական: Տվիք, ամենից անհավանական ու դաժան սերիալն էլ անգամ լրիվ անցաք, հայոց բախտի ո՜վ նախանձախնդիրնե՞ր. ո՛չ, հայոց բախտի բախտախնդիրնե՛ր:

Բազա՜ր են անում, պահանջներ դնում. հաջող գործարք են ուզում գլուխ բերել հաջողության սույն լեդիներն ու սույն ջենթլմենները:
Ախր ձե՛ր առաջ պետք է պահանջ դնել, բոլորի՛դ վրա՝ միասին-մեկտեղ, իսկ հետո՝ հատ-հատ: Ի՞նչ իմանաս, թե մի՞ ավազակ ունեք, այլ ոչ թե քառասուն, այլ ոչ թե հիսուն…
Կամ գուցե էդ փեշակը պարտադի՞ր բան է կուս.տոմս ստանալիս և կամ մանդատի՛ պայման պարտադիր: «Պառոլն» էլ նո՞ւյնն է՝ «աբրակադա՞բրա», թե՞ «հիսուն-հիսուն»

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ