Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո քաղաքական դաշտը լրիվ մաքրաջրվեց, ցայվեց ու փռվեց արևին՝ չորանա… Քանի դեռ տաք է: Բայց անգամ եթե այդ դաշտին անձրև ու կարկուտ տեղա, ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են: Ուրիշ ճար չկա:

Պառլամենտական հանրապետության պառլամենտը չի կարող չարտահայտել ուժերի իրական հարբերակցությունը: Առավելագույնը 0,XY տոկոս վարկ ու վարկանիշ ունեցողը չի կարող հետն էլ պառլամենտում մեծամասնություն ունենալ: Դա անհեթեթ բան է: Ու եթե «պառլամենտը» չի ուզում իր կողքին այդ «անհեթեթ» մակդիրն ունենալ, պիտի իրենից այն շտապ թոթափի: Իսկ թոթոփելու մի եղանակ կա. ԱԺ ընտրություն:

Ու քանզի հայոց գլխավոր «մարգարեն»՝ Ահարոնը, չկա (Ահարոն, ա-ո՜ւ, Ահարոն, ո՞ւր ես. Ահարոնը կորա՛վ), ապա, ժողովո՛ւրդ ջան, արի մե՛նք փորձենք խորհել-կռահել (քա՜վ լիցի, առանց էդ տղու հացն իր ձեռից խլելու, քանզի ինքն էնքա՜ն հաց է ամբարում պահեստավորել, որ վայ թե հիմա իր ծով ամբարում է մոլորվել-կորել ու… չկա):

Եւ այսպես Նիկոլն ու իր թիմը կհավաքեն ոչ պակաս (եթե ոչ ավել) ձայն, քան նոր քաղաքապետը օրերս հավաքեց: Բայց, ըստ սահմանադրության, մյուս ուժն, ուզում է՝ մի տոկոս անգամ չհավաքի, միևնույն է, պառլամենտի մեկ երրորդ տեղերը իրենն են լինելու: Սա նշանակում է (մանավանդ Գագիկ Ծառուկյանի ճիշտ ժամանակին արած հայտարարությունից հետո), որ այդ մեկ երրորդը կանցնի Ծառուկյանին ու իր համախոհներին:

Ավա՜ղ, նոր պառլամենտում չի ներկայանա ՀՅԴ-ն՝ հայոց ավանդական ու ավանդապաշտ, բայց ժամանակի շունչ չդարձած, այլ ժամանակի փչա՛ծ շունչ դարձած, երի՛ցս ավա՜ղ, կուսակցությունը:
Ցավո՛վ եմ ասում:

Ցավին կից՝ անհուն բավականությամբ եմ հարաբերում ու արտաբերում, որ պառլամենտը վերջապես կազատվի շատ վատ դաստիարակված ու շատ վատ կրթված իր «մենտորներից», այսինքն՝ վերջապես տրիբունայում Շարմազանովի՝ մարդկանց նյարդերը գրգռող պատկերն այլևս չի լինի, չի հնչի անդուր ձայնն Աշոտյանի: Սակայն այդ անհուն բավականությունս խաթարվում է մի ափսոսանքով. Գալուստի գալո՛ւստն է ՀՀ պառլամենտ, ավա՜ղ, բացառվում. Գալուստի ձայնին ու իր պատկերին ազգովին, ավա՜ղ, կարոտ կմնանք, ու դեռ տաք ենք, դեռ չենք ջոկում, թե ի՜նչ պակասություն առանց Գալուստի վաղը կքաշենք…

Նոր պառլամենտում քաղաքական առումով վառեկ-տղերքն ու թրթուր-աղջկերքն այլևս չեն դնի քվեարկության իրե՛նց սոսկ վայել օրինագծեր, իսկ հասուն ու ծանր մարդիկ էլ չեն ընկնի դրանց խակ-թեթև, չհաս ու տհաս, «քչամիտ» խելքին:

Նոր պառլամենտում չի լինի Արա Բաբլոյանի պես չխոսկան խոսնակ: Էդ չխոսկանին կղրկեն «հորանց», որտեղ ՀՀԿ «հայրն» է «սուփրա գցած» իրեն սպասում, որ իր ֆրակցայի «վերջին զանգն» անի ու մի էրկու թաս-ողորմաթաս գցելուց հետո դրան հարցնի. «Արա՜, այ Արա՛, դուրս եկավ՝ դո՛ւ էլ բանի պետք չեկար, դե հիմի գնա՛, նորից խեղճ մարդկանց ջեբե՛րը խուժիր՝ երեխա՛ բուժիր: Թեկուզ, գիտե՞ս ինչ, ո՛չ մի երեխա: Քեզ ուղարկում ենք՝ որպես Այբոլիտ, չէ՜, Այբաբլոի՛տ, ուղիղ… Աֆրիկա, որ գազան բուժես. տեսնեմ դրանց հոր ջեբե՞րը ոնց ես հանդգնում խուժես»:

Նոր պառլամենտում չի լսվի Շմայսի խռմփոցն անուշ. նախ Շմայսն հիմա զգոն է, արթուն պահա՜կ. չի՛ քնում, որ, ինչ զենք տեսնի՝ ձեռաց վերցնի, ԱԱԾ հանձնի, երկրորդ՝ Շմայսին արդեն դժվա՜ր ընտրեն, ՀՀ ԱԺ-ում Շմայսի տեղերն էլ դժվար գցեն՝ պառկի, քուն մտնի ու խռմփոցով դեբատներ անի, քաղցր երազում վարժ կոճակ սեղմի:

Սաշիկին ևս էլ չեն տա մանդատ, քանզի քանի՞ ձեռք էդ մարդը ունի, որ մանդատ բռնի. իրա ձեռքերը նե՜նց են զբաղված, իրա ձեռքերում էնքան ՀՔԾ, էնքան ԱԱԾ, էնքան ՀՀԿ ԳՄ «պավեստկա» կա, որ մանդատի համար էլ ոչ մի տեղ չկա:

Նոր պառլամենտում ոչ մի թաղ-քուչի «ախպերուչունից» ոչ ոք չի լինի: Գողական աշխարհն այս անգամ մնաց առանց «լիազոր ներկայացուցչի»: Այ դրա՛ համար իրենց էդպես «քաշողներին» իրենք «պրեդյավի՜տ» կանեն, իրանց «դրածը» հե՜տ կպահանջեն: Է՜, հլա ո՜ւր ես… Իրանց սենց «քցած» ամեն «բառիգա», հլա պտի գա ու ներկայանա՜…

Առանց «լիազոր ներկայացուցչի» կմնան նաև մեր «սերիալները»: Ոչ մի դերասան-դերասանուհի մեր «սերիալներից» այլևս, ավա՜ղ, չի աճապարի քվեարկության, որ քվեարկությունն այդ սարքի իրենց «սերիալի հերթական սերիան»: Չեն աճապարի քվեարկության նաև մեր երգիչ-երգչուհիները: ԱԺ-ն մնաց առանց «տաշի-տուշի»-ի:

Անտաղանդ անձանց հին «բիրիքնոցն» այսուհետ չկա, դրա տեղ այսուհետ լինելու է ՀՀ-ին ու հայի՛ն վայել պառլամենտ, քաղաքակիրթ ու գրագե՛տ պառլամենտ:
Դեմ չկա՞ սրան:
Ձեռնպա՞հ:
Չկա. անցավ միաձա՛յն:
Ուրեմն՝ ա՛մեն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ