Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ընտրանին կգլխավորի Արմեն Գյուլբուդաղյանցը: Նրա մարզական շտաբում կլինեն Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման Բերեզովսկին, ով զբաղվելու է դարպասապահներով:

Կադրային փոփոխություններ են եղել նաև մինչև 17 ու 19 տարեկանների հավաքականների մարզչական կորպուսներում: 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ 17 տարեկանների ընտրանին կգլխավորի նույնպես ժամանակավոր պաշտոնակատար հաստատված Կարեն Բարսեղյանը:

Խզվել են արգենտինացի մարզիչների հետ նախկինում եղած կապերը, ովքեր այդպես էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հայկական ֆուտբոլի համար եղան հերթական խաբեությունը:

Թե ինչ կտան հայկական ֆուտբոլին այս փոփոխությունները, չափազանց դժվար է ասել, քանզի մեր ֆուտբոլի հիմքերը խորապես են ապականված: Սակայն բոլոր դեպքերում միակ բանը, որ կարող ենք անել, Մեծն Դյումայի խոսքերին հետևելն է՝ սպասել ու հուսալ:

Վերջում հարկ համարենք հիշեցնել, որ հոկտեմբերի 13-ին ու 16-ին Հայաստանի ազգային ընտրանին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակներում հանդիպումներ կունենա Ջիբրալթարի ու Մակեդոնիայի հավաքականների հետ: