Հա՛, խաղն ավարտվեց: Պղտոր հեղեղ էր. հեղեղը պրծա՛վ: Ագռավը չքվեց, աղավնին դարձավ ու ավետեց, թե ոնց որ թե ջրվեց-մաքրվեց դաշտը և՛ Արարատյան, և՛… քաղաքական: «Պուտչը» ձախողվեց. «պուտչը» փուչ էղավ, ու խաղն ավարտվեց:
Game over. Play again?
Հը՞, նորից կխաղա՞ք:

Առողջ բանականությունը պահպանածների՝ խելամիտ ու ճիշտ ժամանակին հայտարարությունից հետո ամեն բան արդեն վերջնականապե՛ս պարզվեց՝ և՛ հաշիվ, և՛ հաղթող, և՛ այն, որ խաղն ավարտվեց, մանավանդ եթե խաղում ես ազգիդ բախտի ու ապագայի հետ, նամանավանդ երբ կրակի հետ ես այլևս խաղում:

Խաղի հաշիվը խոշոր էր, պարզվեց: Հաղթողն, ինչպես միշտ, ժողովուրդն էր, պարզվեց: Ու պարզվեց նաև, որ ժողովուրդը այլևս չի թողնի, որ այսկերպ խաղան իր բախտի ու իր ապագայի հետ. խաղամոլների խաղը ժողովրդի հետ այլևս ավարտվեց: Ժողովրդի դեմ, պարզվեց, ոչ միայն ոչ մի խաղ չկա, այլև այլևս այն արգելվում է. ազգի բախտի հետ խաղացողները այսուհետ հավետ կհայտարարվեն խաղից դուրս՝ «изгой»…
Game over. Play again?
Հը՞, նորից կխաղա՞ք:

Պարզվեց, ցավոք, վստահել էինք մեր բախտը մի խումբ խաղամոլների, որ մեր բախտն էին շռայլ տանուլ տալիս:
Բախտի հետ այլևս ո՛ր մեկը խաղաց, հրե՜ն, Աստծո հետ է գործ ունենալու: Ըստ այդմ՝ պարզվեց, չի լքել Աստված, մեզ հե՛տ է Աստված, պարզվեց, Ինքը մեր գլխավերևում է, և ուրեմն մենք էլ արդեն գլխիվայր չենք. գլխիվայր շրջված վիճակից շտկվեցինք ու ոտքերի վրա արդեն կանգնեցինք: Բնականաբար, Աստված կանգնած է գլխավերևդ, երբ դու կանգնած ես ոտքերիդ վրա, այլ ոչ գլխիվայր…
Խաղն էլ, խաղեր տալն էլ ավարտվեցին. է-հե՜յ, լսում եք, խաղն ու խաղեր տալն այլևս մոռացեք. նախ, վատ եք խաղում, և, երկրորդ, Աստված, կտրականապե՛ս, դեմ է էդ խաղին: Խաղն ուրիշ բան է, բախտն ուրիշ բան է. խաղն արգելված է Աստծո տիրույթում: Խաղը միշտ բախտի տեղն է գրավում, խաղը դուրս սղվեց՝ բախտն է իր տեղը նորից գրավում:

Երկիրը սարքել դաշտ ու խաղադաշտ, խաղ էին անում:
Պրծավ:
Խաղ չկա այլևս, խաղն արդեն պրծա՛վ: Ով դեռ հույս ունի մի նոր «ռաունդի» ու մի նոր «տայմի», դրան ձայն բազմաց, որ է՝ Տեր Աստված, տեղեկացնում է, որ դաշտում այլևս անելիք չունի: Ձեր խաղն ավարտվեց, ա՜յ ընտեղ՝ գետնի տա՛կ, «ռազդևալկան» է. գլխահա՜կ-քրտնա՜ծ մտեք էդ գետին-գետնուղի, գետնուղով անցեք, գնացեք փոխվեք, քանզի քրտնած եք, հանկարծ կմրսեք, ու մանրից… ցրվեք:
Դուք ձեր ցույց տված էդ անդուր խաղը տանուլ տվեցիք, իսկ ուրիշ մի խաղ այլևս չկա. չկա մատչ-ռևանշ, չկա սփոփանքի խաղ, քանզի խա՛ղ այլևս չկա ու չի լինելու: Թունդ հնչող մարշի մեղեդու ներքո… մարշներդ քաշե՛ք:
Թմբուկն ո՞ւր է, հե՜յ թմբուկ, օգն՛ր, որ մարշներն իրենց հանդիսավոր… քաշեն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Game over. Play again?
Հը՞, նորից կխաղա՞ք: