էջմիածինցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ «ՀՀ-ում չի կարող որևէ մեկը բռնապետություն հաստատել, այլապես կհայտնվի ոչ միայն պատմության, այլև «Սանիթեքի» աղբանոցում»:
Ինքնին հասկանալի է, որ հնարավոր բռնապետության ժխտումը նույնքան ինքնին ծնունդի բան չէր՝ տակը խորքային «ջրեր» ուներ, ու դրանցից մեկը շտապեց «քչքչքալ»: Տագնապողը չասենք հայոց քաղաքական մտքի տիտաններից էր, բայց որ ՀՀԿ-ի մակարդակով դեմք է, կասկածի տակ չառնենք, թեպետ, եթե անկեղծ, նժդեհականությունն իր խորքայնությամբ ո՜ւր, գաղափարախոսության ոլորտում ծանծաղ մտավարժանքներ անող այս մանկիկներն՝ ուր:

Եվ այսպես, չերկարացնենք: Հանդուգն այդ Արմեն Աշոտյանն էր, ով իր ֆեյսբուքյան էջում կուսական անմեղությամբ բազմակարծության ու մարդու իրավունքների համար պայքարողի հայտ էլ չէ՝ հայտիկ ներկայացրեց:
Հիշողության հետ արմատական խնդիրներ ունեցող սույն լուսաճաճանչափայլին թերևս կարելի է հիշեցնել, թե ինչպես տիրոջ մի «ֆաս» հրամանով ու թիկունքում ունենալով իր նման կատաղածների մի ողջ ոհմակ՝ փորձեց ամենահետին բառերով, անվանարկումներով գետնին հավասարեցնել պատգամավորական համքարության բերումով իրենց երբեմնի գործընկերոջը, ինչ է թե վերջինս համարձակվել էր ունենալ սեփական կարծիք, սեփական դիրքորոշում: Այդ ոհմակի մեջ, ի միջի այլոց, բամփողի հայտ ներկայացրած մի մարդակերպ էլ կար, որը դա անելու համար պիտի ոտքերի տակ պարտադրաբար տաբուրետկա դներ բամփվողի  ուսագոտուն հասնելու համար:
Ինչևէ:
Չմանրանանք, որովհետև այս դեպքում հարկադրված կլինենք հիշել բոլորին անուն առ անուն ու հիշել… սրտանց ժողովրդական բառ ու բանի անքեն  հիշատակումով:

Լա՜վ, հասկացա՛նք, որ քաղաքականությունն անբարոյականություն է, ու հասարակությանը մատուցած սեփական մորդ ծառայությունները նկատի ունենալով՝ դիմացինին սեփական արշինով կարող ես չափել, բայց մի՞թե կարելի է մոռանալ, որ այս երկրում կա արժեհամակարգային ոչ պակաս կարևոր ցուցիչ-բնութագրում, որպիսին «քաղաքի տղա» հասկացությունն է, որն իրականում ասոցացվում է «երկրի տեր», «երկրի մարդ» միատեղված հասկացության հետ:

Էս անցյալի կարկատած շալվարների ու հիմնովին քրքրված կոշիկների դառնությունները սրտներիդ (ձեր հագին նորն է՛լ է այդպիսին ներկայանում) ու դափ-դատարկ գլուխներով էդ ո՞ւմ վրա էիք քշում կամ քշում եք ու միթե չէիք (չեք) հասկանում, որ կկվի կանչելու հետ մեկտեղ բազմակարծությունից ու մարդու իրավունքներից խոսելու ձեր հե՛րթն էլ կգա՝ չէ՞ որ ստեղծել էիք իշխանության ու կառավարման մի այնպիսի համակարգ, որի պտուղների անխուսափելի զո՛հն էիք դառնալու ինքներդ: Թե՞ ինչ-որ մեկը ձեր նման դատարկ դհոլներին հավատացրել էր ձեր իշխանության հավերժության մասին:

Կասեի՜, է՜լի բաներ կասեի, բայց ձեզ ու ձեր նմաններին, վախենամ, եկեղեցին անգամ չփրկի, ուր մնաց ինձ նման մովսեսյան թոթովախոսս:

Ինչ վերաբերում է սանիթեքյան աղբամաններին, ապա որքան էլ դրա մեջ դնելիք-խցկելիքն արժանի է այդ տարայի պարունակությունը լինելուն, բոլոր դեպքերում մերժելի գաղափար է: Ուկրաինան Հայաստանը տասնյակ անգամներ մեջն առնող երկիր է ոչ միայն տարածքով ու բնակչության թվով և մեզանում նրանց փորձի կիրառումը  հնարավոր կռվանների մեջ ամենաթույլ փաստարկներից են: Աստվա՛ծ մի արասցե, եթե մի խենթի գլխում ծագի այդ գաղափարի տեղայնացումը: Դա ծայր առնող վենդետաների անվերջ շարան կլինի՝ ընդհուպ վերջնական բնաջնջումով ամբողջական ընտանիքների ու տոհմերի:
Չեմ կարծում, թե որևէ մեկը կապուշանա այդ աստճան, սակայն պրոֆիլակտիկ քայլերի ձեռնարկումն անհրաժեշտություն է: Եկեք չմոռանանք, որ «Սանիթեքի» աղբամաններն ու Սահմանդրությունն անզուգորդելի, անհամեմատելի բաներ են:
Այնպես որ՝ զգոն լինենք, տեղի չտանք բնազդական ընկալումներին:
Հետո չասեք, թե զգուշացնող չեղավ:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ