Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում մեկնարկել են։ Հայաստանյան գագաթնաժողովի կարգախոսն է` «Ապրել միասին»:

Վեց օր շարունակ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում մայրաքաղաքում և դրանից դուրս կկազմակերպվեն տասնյակ միջոցառումներ: Դրանց մասնակցելու նպատակով այս օրերին Հայաստան կժամանեն 84 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ շուրջ 30 երկրների պատվիրակություններ: Նրանց թվում են Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որոնք հավանաբար Հայաստանում կլինեն հոկտեմբերի 11-ին` մասնակցելու գագաթնաժողովի բացմանը:

Ի՞նչ է Ֆրանկոֆոնիան
Ֆրանկոֆոնիան (ֆրանսերեն` La Francophonie) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1970թ.՝ որպես ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման հաստատություն: Նրանում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններ:

Ֆրանկոֆոնները մոլորակի ֆրանսալեզու բնակչությունն են ներկայացնում: Աշխարհում շուրջ 274 մլն մարդու համար հիմնական լեզուն ֆրանսերենն է:

Ինչո՞ւ հենց Հայաստանում
2016թ. մայիսին Հայաստանը ներկայացնում է իր թեկնածությունը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կազմակեպելու գործում։ Արդյունքում՝ 2016թ-ի նոյեմբերին Մադագասկարում կայացած գագաթնաժողովում միաձայն ընդունվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնել որոշումը:

Հայաստան-Ֆրանկոֆոնիա հարաբերությունները սկսվել են 2003թ-ից: 2010թ. Շվեյցարիայում կայացած Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթնաժողովին անդամ երկրներն ու կառավարությունների ղեկավարներն առաջին անգամ իրենց դիրքորոշումն արտահայտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Երեք տարի առաջ էլ Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի նախարարների 31-րդ համաժողովը:

                                                                                                            Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ