Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանի տաղավարը ներկայացնելու է տասը մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունն ու բարիքները: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի մարքետինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանն «Արմենպրեսի» հետ զրույցում հնարավորինս ներկայանալի լինելու նպատակն է նշել. «Այնպես ենք արել, որ տաղավար այցելելուց հետո այս օրերին Հայաստանում գտնվող մեր ֆրանկոֆոն ընկերները հետագայում անպայման վերադառնան մեր երկիր՝ որպես զբոսաշրջիկ»։

Զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արցախի ու ՀՀ 10 մարզպետարանների համատեղ ուժերով ստեղծված տաղավարում յուրաքանչյուր մարզի գրավիչ կողմերը հետաքրքիր գրաֆիկական պատկերներով են ներկայացված. օրինակ՝ Արմավիրի մարզից ներկայացված են չրերը, Տավուշից՝ էթնիկ պատշգամբներից հատվածներ, Շիրակից՝ Ավետիք Իսահակյանի օրորոցը, իսկ Արարատի մարզը ներկայացված է Արարատյան դաշտի բերք ու բարիքներով: Տաղավարում ներկայացված են նաև հնագույն արհեստները՝ գորգագործություն, խաչքարագործություն: Ալոյանի խոսքով՝ կոմիտեի աջակցությամբ գրանցած մասնակիցների համար նաև օրական երեք անգամ տուրեր են կազմակերպվելու Հայաստանի զբոսաշրջային վայրերում: