«Թավշա» հեղափոխությունից անցել է ուղիղ 5 ամիս, բայց նրա կրած կարգախոսը՝ «սերն ու հանդուրժողականությունն», այդպես էլ չհաստատվեցին Հայաստանում։ Այդ երկու կարևոր արժեքների բացակայությունն անընդհատ զգացնել են տալիս սոցիալական հարթակները։ Հասարակության երկփեղկվածության վրա աչք փակել, անգամ մեծ ցանկության դեպքում, չի ստացվում։ Տպավորություն է, թե տարբեր ճամբարներում գտնվողների ամենագլխավոր անելիքը միմյանց քայլերում որևէ սայթաքում գտնելն, ու դա մատի փաթաթան դարձնելն է։ Ու թերևս ամենատխուրն այն է, որ այդ երևույթն իշխանություն-ընդդիմություն (եթե կարելի է քաղաքական ուժերին նման որակումներ տալ) սահմաններից վաղուց դուրս է եկել ու մտել հասարակ ժողովրդի մեջ. հասարակության մի զգալի մաս բաժանված է երկու ճամբարի՝ մի մասն ատամն ընդ ատաման պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի թիմի յուրաքանչյուր քայլը, մյուսը՝ անխնա քննադատում կամ ավելի հաճախ՝ հեգնում, և միայն մի փոքր հատվածն է, որ տեսնում ու զգում է, թե որքան անդուր է այդ ամենն ու թե որտեղ կարող է հասցնել այն։

Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնում ունեցած երեկվա ելույթն ու դրան հետևած հանրապետականների արձագանքը լրիվությամբ ասվածի տրամաբանության մեջ էին։ Վարչապետի հայտարարությանն առ այն, որ «ՀՀ-ում չի կարող որևէ մեկը բռնապետություն հաստատել, այլապես կհայտնվի ոչ միայն պատմության, այլև «Սանիթեքի» աղբանոցում», անմիջապես հետևել է Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. «…Սա, իհարկե, արդեն պրոգրես է, քանի որ մինչ այդ իր որոշ կուսակիցներ աղբամանով էին սպառնում ոչ թե պոտենցիալ բռնապետերին, այլ բազմակարծության և իրավունքների համար պայքարող քաղաքական ընդդիմախոսներին։ Բայց երկրում բռնապետությունը կանխելու և ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է։ Այդ երաշխիքը կոչվում է Սահմանադրություն»:

Այն, որ Աշոտյանի ասածը տեսականորեն ճիշտ է, չենք վիճարկում։ Անվիճելի է նաև այն, որ ժողովրդավարության ապահովման կարևոր երաշխիքներից են խոսքի ազատությունն ու բազմակարծությունը, ինչը, մեղմ ասած, խիստ վրդովեցնում է հատկապես ներկա իշխանությունների մոլի պաշտպաններին՝ ի դեմս հասարակության մի ստվար հատվածի։ Այս միտումը, լավ հանգրվանի չի կարող հասցնել և ոչ մի հասարակության՝ առավելևս, եթե հաշվի ենք առնում ժամանակաշրջանը: Բայց այստեղ մեկ ուրիշ հարց էլ կա։ Հանրապետականները, որ Սահմանադրությունն այսօր դրոշակ են դարձրել, երեկ, երբ իրենք էին նրա յուրաքանչյուր տառի ապահովման երաշխավորը, ինչո՞ւ դրա մասին չէին հիշում, ինչո՞ւ իրենց կողմից խախտվող սահմանադրական իրավունքների մասին չէին բարձրաձայնում։ Գուցե որ ժամանակին գիտակցեին Սահմանադրության գերակա լինելը, այսօր Հայաստանում ոչ թե սիրո ու համերաշխության կոչեր կհնչեին, որոնք անմիջապես օդի մեջ կցնդեին, այլ իսկապես համերաշխ հասարակություն կունենայինք։ Վերջապես կարևոր առաքինություն է ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ սեփական աչքի գերանը տեսնելը։ Լավ կլիներ, որ այս մասին հներն էլ, նորերն էլ չմոռանային։