Ոչ միայն մառախլապատ Ալբիոնի, այլև եվրոպական ֆուտբոլային մյուս բոլոր գերտերությունների առաջնությունների թիվ մեկ խաղը Լիվերպուլում էր, տեղի համանուն թիմի ու «Մանչեսթեր Սիթիի» միջև: Գոլազուրկ ոչ-ոքին, որ նախախաղյա վերլուծություններում ամենաանհավանական արդյունքն էր համարվում, քանզի երկու թիմերն էլ դավանում են հարձակողական ֆուտբոլ, Պեպ Գվարդիոլայի սաների համար ամրակցված պահեց առաջին հորիզոնականը, իսկ ահա Կլոպի սաները հարկադրված մեկ սանդղակով նահանջեցին, քանզի արտագնայում երեք անպատասխան գնդակի առավելությամբ «Սաուտհեմպտոնին» հաղթած «Չելսին» նույն քսան միավորով, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, խրվեց այդ երկու թիմերի արանքը:

Խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Ֆուլհեմին» հյուր գնացած «Արսենալը»՝ 5:1՝ թիմին հնարավորություն տալով 18 միավորով դիրքավորվել չորրորդ հորիզոնականում: Մխիթարյանն, առանց փոխարինման, մասնակցել է ողջ խաղին: