Օսիպյանի խրատի անմիջական արձագանքը

Օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ, հարգարժան գնդապետ տիար Վալերի Օսիպյանը հանրային հանդիպում էր կազմակերպել մրցարշավային մոտոցիկլետավարների և ավտոմեքենաների վարորդների հետ (երեկոն խաղաղ էր, օդը լի էր բերկրանքով, քանի որ մայրաքաղաքում երևանյան նշանավոր աշունն էր դառնում դրության տերը): Տիար Օսիպյանը հույժ վեհապանծ էր, նրան շրջապատող մոտոցիկլետավարներն ու ավտովարորդները և՛ վեհապանծ էին, և՛, խոստովանենք, մի փոքր էլ ամոթխած:

Տիար ոստիկանապետը հանգամանալից ներկայացրեց խնդիրը՝ մրցարշավային մոտոցիկլետների և ավտոմեքենաների շարժիչների վայրենի աղմուկը խանգարում է երևանաբնակների հանգիստը, ուստի հարկ է նվազեցնել շարժիչներից վիժող հռնդյունը: Սա էր ոստիկանապետի խրոխտ հորդորի բուն բովանդակությունը անցյալի մնացուկ կարգազանց արշավորդներին:

***

Մթնշաղ էր, մայրաքաղաքը աստիճանաբար սուզվում էր Մորփեոսի գիրկը: Վժժ՜ժ… մոտոցիկլետավարը հռնդյունով սուրում էր առաջ: Արշավանքը, խմբային էր, 13 մոտոցիկլետ, յուրաքանչյուրի գավակին մեկ մրցարշավորդ և մեկ աղջնակ: Հերկում էին նրանք անսանձ քաղաքը 2800-ամյա՝ Մաշտոցի պողոտա, ‹‹Հաղթանակ›› կամուրջ, Իսակովի փողոց, ‹‹Կիլիկիա›› թաղամաս, ‹‹Հրազդան›› մարզադաշտ, Ծիծեռնակաբերդի հուշաբլուր ուղեգծով: Մրցարշավորդների դեմքերը (գլուխներն ամբողջությամբ) ներառված էին գլադիատորական ծածկոցների մեջ: Ահա այսպիսի սրբազնական դաս էր անտեսանելի դեմքերի ու շարժիչներից կատաղի արտավիժվող հրեշավոր ոռնոցի ու կաղկանձի: Ընդ որում, խաչմերուկվելով կարմիր լույսի տակ, մոտոցիկլետավարները գազի ոտնակները սեղմում էին մինչև վերջ՝ հռնդյունը հասցնելով բարձրագույն աստիճանի:

Մայրաքաղաքում նման խմբերն անթիվ են, քիչ չեն և անհատ արշավորնդերը ու հենց այս անհատ ելուզակներն են, որ հաճախ են շեղվում նախանշված մրցուղուց ու ներխուժում բակ՝ երջանկացնելու մայրուղիներից և փողոցներից զատված բնակիչներին, ընտանի և թափառաշրջիկ կենդանիներին, նաև ծառերին ու թփերին:

***

Ահա այսպիսին էր մրցարշավորդ-ելուզակների պատասխանը հայոց ոստիկանապետին: Անշուշտ, տիար Օսիպյանը քաջ ծանոթ է ‹‹Խևին խրատն ինչ կանի, սևին՝ սապոնը›› ժողովրդական իմաստությանը: Քաջ ծանոթ է, սակայն փորձեց բարոյական ներազդեցությամբ կարգի հրավիրել վայրագ կրքերի լիցաքաթափման նման տարբերակ ընտրած ստահակներին:

Իզո՜ւր… խևը (նշյալ պարագայում մրցարշավորդ-ստահակները) խրատին անդրադառնում է ավելի սանձարձակ վարքով: Հետևապես ելքն այս է՝ հորդորել

տիար ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որ նա անհապաղ դիմի ՀՀ կառավարությանը՝ կառավարական մի ազդու որոշմամբ արգելելու մրցարշավային մոտոցիկլետների և մեքենաների շարժը մայրաքաղաքում, զի դրանցից արտավիժող հրեշավոր աղմուկը խիստ վնասակար է և՛ բնակչների, և՛ կենդանական աշխարհի համար:

Ի դեպ անհարկի աղմուկը բացասաբար է ազդում նաև բնաշխարհի վրա: Եթե բնակչության շրջանում աղետալի հռնդյունից տագնապում են հատկապես հղի կանայք, մանուկներն ու տարեցները,իհարկե, և հիվանդները, ապա նաև կանգ է առնում ծառերի բնական աճը, Հրազդան գետում սակավանում են դոդոշները, իսկ առնետները անզոր զայրույթից ինքնասպանություն են գործում զանգվածաբար:

Եթե տիար Օսիպյանը կարգավորի սույն չարաբաստիկ խնդիրը, ապա Ագարակի ավագանին ՀՀ վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին արտահերթ գեներալական կոչում շնորհելու միջնորդագիր կհղի, ինչ և հավաստում ենք մեր ստորագրությամբ՝
                               
Ագարակի ավագանու նիստի նախագահ, պատվարժան Սեթ Գմփոյան

քարտուղար՝ հանրային գրբաց, կույս այծուհի Նաթել