ՀՀ ԱԺ շենք: Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենք, Բաղրամյան պողոտա, 19 հասցեով գտնվող շենք Երևանում։ Շենքի նախագծումը կատարվել է 1947 թվականին, իսկ կառուցման աշխատանքները մեկնարկել են 1948-ն և ավարտվել են 1950 թվին: Կառուցումից ի վեր և մինչև Հայաստանի անկախացումը շենքը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նստավայրը: 1991 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը ընդունել է «ՀԿԿ Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասին» հ. 314 որոշումը, համաձայն որի ՀՀ գերագույն խորհրդին է հանձնվել ՀԿԿ կենտկոմի զբաղեցրած շենքը: 1991 թվականի մայիսին ՀՀ գերագույն խորհուրդը տեղափոխվել է այս շենք: Այժմ շենքում է տեղակայված Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը: Ազգային ժողովի այգին 2018 թվականի հոկտեմբերի 3֊-ից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բաց է այցելուների համար:
«Վիքիպեդիա», Ազատ հանրագիտարան

68 տարի շարունակ «հասարակ մահկանացուների» համար փակ այգին վերջապես բացվեց: Այսուհետև մեր պատգամավորներն իրենց աշխատասենյակի պատուհաններից նաև մարդ կտեսնեն: Թե չէ առաջ ի՜նչ էր. միայն իրենց ավտոներն էին տեսնում ու դրանք քշող իրենց վարորդներին: Բայց հիմա էլ մի այլ հոգս ավելացավ. հա՜ պտի նայեն էդ պատուհաններից, որ հետևեն, թե էդ հասարակ մարդիկ իրենց յուրահատուկ ավտոներին հո բան չե՞ն ասում, հո խազ չե՞ն անում, խազելով ավտոյի վրա գրում ավտոյատիրոջ մականուն ու հլա մի բան էլ ավել՝ մականվանը կից մի էրկու «մակդիր»…

Մի բան մոռացավ Նիկոլը անի. էդ բաց այգու մեջ զբոսնող մարդկանցից «դրուժիննիկներ» նաև ընտրի, ովքեր համ պատգամավորների անկաշկանդ-ազատ ելումուտը կերաշխավորեն, համ էլ պատգամավորներին միշտ լավ մարզավիճակում մնալ կստիպեն, որ ամսի 2-ի օրենքի նման օրենք ընդունելու դեպքում էս անգամվա պես հալից չընկնեն, խայտառակ ըլնեն…

Իսկ առհասարակ սա պատմական իրադարձություն է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ երբեմնի «ցէ-կա»-ի այգին հանկարծ կբացվի: Էդ նույն բանն է, որ Կրեմլը բացեն, զբոսայգի դարձնեն:
Ըստ այդմ՝ մի լավ առաջարկ ունեմ. Վահրամ Բաղդասարյանին, հենց մնաց առանց իր խմբակցության, դրեք էդ այգու «գազոն-մենեջեր», Շարմազանովին ու Աշոտյանին՝ «գազոն-խուզիչներ, իսկ Շմայսին ու Սաշիկին էլ հենց որպես… «գազոն»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Ամա՜ն, Գալուստիս «նշանակման» մասի՛ն լրիվ մոռացա: Գալուստին այգու «մամուլի խոսնակ» դրե՛ք. ինքը միակն է, որ հասկանում ու կիրառում է ծառ ու ծաղկի ու թևավորների՝ և՛թռչունների, և՛ բզեզների անթարգման լեզուն, ուստի դրանց հետ մարդկանց խզված կա՛պը ինքը կվերականգնի ու կամրապնդի: Մի խոսքով՝ մեր կյանքն իր նման աննման մի հեքիաթ կսարքի: Համ էլ ձեռի հետ կթարգմանի ամսի 2-ի տխրահռչակ օրինագծի հեղինակ, ՀՀԿ-ական շատ «աշխատասեր» էն աղջկա մյուս օրինագծերը, երբ էդ աղջիկը «հանրության համար» էնքան «ինտենսիվ կաշխատի», որ բզեզ կդառնա՝ Անբան Հուռիի մոր մորքուրի պես…