«Ժամանակը Սարյանին կդասի Մատիսի, Սեզանի, Գոգենի կողքին, գուցե և՝ ավելի բարձր, քանի որ Սարյանը երջանկության նկարիչ է»:

Լուի Արագոն

Սարյանական արվեստի սիրահարները գույներն ու հույզերը հրաշալի կերպով համադրող վարպետի հազվագյուտ ցուցադրված նկարներն ավելի քան մեկ ամիս վայելելու հնարավորություն ունեն։ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի առթիվ մեծանուն նկարչի տուն-թանգարանի չորրորդ հարկում նրա ստեղծագործական կյանքում որոշիչ դեր խաղացած և միևնույն ժամանակ ողբերգական դարձած ֆրանսիական շրջանի պատառիկներն են ներկայացված։ Մարտիրոս Սարյանի փարիզյան երկու տարվա տքնանքի արդյունքը, ցավոք, այստեղ ամբողջ ծավալով չի երևում։ Ցուցադրված շուրջ 30 գործերը՝ 10 գեղանկար և 20 գծանկար,  արտացոլում են վարպետի վրձնի ֆրանսիական շունչը։ Նկարչության համաշխարհային մայրաքաղաքում ստեղծված շուրջ 40 կտավներ Հայաստան բերելու ճանապարհին կրակի բաժին են դարձել. նավի վրա բռնկված հրդեհը մոխիր էր դարձրել վարպետի երկու տարվա ընթացքում ստեղծած գործերը։

Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Սոֆյա Սարյանը, ով թանգարանի գլխավոր ֆոնդապահն է, հոր՝ Ղազարոս Սարյանի պատմելով է հիշում, որ նկարիչը շատ է փորձել պարզել հրդեհի պատճառն ու գոնե նկարների երրորդ արկղը գտնել, որն անհասկանալի պայմաններում անհետացել էր, բայց ապարդյուն։ «Նա շատ ծանր էր տարել այդ դեպքը, քանի որ Փարիզում ստեղծած գործերից բացի մոխիր էին դարձել նաև «Հայկական բակ» նկարն ու Լուսիկ Սարյանի դիմանկարը, որոնք նա իր հետ Փարիզ էր տարել։ Այստեղ ներկայացված հավաքածուից մի քանի նկարներ նա իր հետ գնացքով էր Երևան բերել, դրանք են՝ «Մառնի ափին» «Գործարանը Մառնի ափին» կտավներն ու մի քանի գծանկարներ։ Որոշ նկարներ, որոնք ցուցադրված են, թանգարանին նվիրել են, հետ են վերադարձրել, որոշներն էլ անսպասելի ձևով են գտնվել, օրինակ՝ «Կովկասյան փողոցը», որն, ի դեպ, Սարյանի լավագույն գործերից է, հայտնաբերվել է 3-4 տարի առաջ Նոր Զելանդիայում՝ ինչ-որ տան տանիքում։ Հավանաբար, ժամանակին Սարյանի արվեստը սիրող մեկը գնել էր այն։ Նա, ով գտել էր նկարը, մեզ հետ կապվել և ասել է այդ մասին, բայց քանի որ շատ մեծ գին էր սահմանված, չկարողացանք ձեռք բերել։ Որոշ ժամանակ անց նկարն աճուրդով գնեց ռուսաստանաբնակ մի գործարար, ում խնդրեցինք գոնե այս ցուցադրության համար տրամադրել, և նա չմերժեց։ «Կոտայք. լեռներ» գործն էլ հայրս է Փարիզում Իվան Կայալովի տանը պատահական տեսել։ Բայց նա հրաժարվել էր վերադարձնել նկարը՝ ասելով, որ այն իր համար տաճար է և չի պատրաստվում բաժանվել նկարից։ Տարիներ անց սակայն, երբ նա արդեն չկար, Գարի Բասմաջյանը նկարը գնել ու նվիրել է թանգարանին», -պատմում է տիկին Սարյանը։ Հենց այդպես՝ այստեղից-այնտեղից հավաքված նկարներով է, որ Սարյանի ստեղծագործության փարիզյան շրջանը փորձում են վերականգնել։

Փարիզը՝ քննություն Սարյանի համար
Հատկանշական է, որ մեծանուն նկարիչը Փարիզում իր գործունեությունը սկսել է ճեպանկարներ անելով, ֆրանսիական արվեստն ուսումնասիրելով։ Թեկուզ նա իր գործերում հրաշալի ներկայացրել էր Արևելքը՝ ստեղծելով չքնաղ գործեր, այնուամենայնիվ, Արևմուտքում նոր որոնումների մեջ էր գտնվում։ Դա, ըստ տիկին Սարյանի, պայմանավորված էր նրա տեսակով՝ անընդհատ ինքնազարգացման ձգտումով։

Ուղիղ երկու տարի ապրելով ու ստեղծագործելով Փարիզում՝ Սարյանը համատարիմ մնաց իր Հայաստանին ու հայրենի բնությանը. այնտեղ ստեղծված նկարներից մի քանիսն են միայն, որ ֆրանսիական թեմատիկայով են, մյուսները Հայաստանն ու հայերին են պատկերում։ «Նա ասում էր՝ Եվրոպայում պետք է ներկայացնեմ այն երկիրը, որի մասին քչերը գիտեն, նույնիսկ դիմանկարներում է այդ սկզբունքը պահել. անում էր Փարիզում ապրող հայերի դիմանկարներ», -նշում է Սոֆյա Սարյանը։ Սարյանի հավատարմությունը հայրենի երկրին ժամանակի հայտնի քննադատ Աբրահամ Էֆրոսն էլ էր նկատել, մի անգամ ասել էր. «Սարյանը չի փնտրում փարիզեցի դառնալու ճանապարհ, նա մնում է Սարյան»։ Ու դա պատահական չէր, քանի որ ինքը՝ Սարյանը, մի անգամ ասել էր. «Ինչ նկարում եմ, Հայաստան է ստացվում»։

Որ ստեղծագործական կյանքի փարիզյան փուլը շատ կարևոր ու որոշիչ է եղել վարպետի համար, հուշագրություններից ու նամակներից է պարզ դառնում։ 1926 թվականին ուղևորվելով Փարիզ՝ նա ասել էր. «Գնում եմ քննություն հանձնելու»։ Դեռևս 1906 թվականից ֆրանսիական նկարչությամբ տպավորված Սարյանը համոզված էր՝ ինքը գեղանկարչության մեջ ճիշտ ուղի է ընտրել, և կասկած չուներ, որ Գոգենի, Մատիսի, Սեզանի և մյուս իմպրեսիոնիստների ու պոստիմրեսիոնիստների գործերը ժամանակի ընթացքում մեծ հռչակ են ձեռք բերելու։

«Իմպրեսոնիզմը նրա համար իրականությունն արտացոլելու լավագույն միջոցն էր։ Իմպրեսիոնիզմը զգայական ընկալման վրա է հիմնված, ուստի այստեղ շատ կարևոր է սահմանը չանցնելն ու աբստրակցիոնիզմին չհասնելը, այնքան համոզիչ պետք է լինես, որ լինելով սուբյկետիվ, լինես նաև օբյեկետիվ։ Սարյանը շատ էր կարևորում իրականության հետ կապը, ասում էր՝ եթե չես զգում նկարի կապը բնության, իրական կյանքի հետ, ուրեմն այնտեղ ճշմարտություն չկա, -պատմում է վարպետի թոռնուհին ու հավելում, -Սարյանն իր ձեռագիրը սկսեց ձեռք բերել, երբ ընդամենը 24 տարեկան էր»։

Նկարչի առաջին քայլերն ուղեկցվել են սուր քննադատություններով, անգամ «Երկնագույն վարդ» ցուցահանդեսի ժամանակ նրան քննադատեցին ակադեմիական դպրոցին չհետևելու համար։ Ինքնադրսևորման ու կայացման ճանապարհին Սարյանին բավականին օգնում են Կոնստանտին Կորովինն ու Վալենտին Սերովը, ովքեր հասկանում էին, որ դասական ոճը սպառել է իրեն, պետք է նորը փնտրել։ Վերջինիս ջանքերով էր հենց, որ Տրետյակովյան պատկերասրահը մոդեռնիստներից առաջինը Սարյանի գործերը գնեց։

Այդ գործերից մեկը՝ «Գազելները», ետ է բերվել Երևան ու այս ցուցադրության կարևոր նմուշներից է։ «Գազելներից» ու պատերին փակցված մյուս կտավներից ճառագող լույսն ու ջերմությունը, որ լցրել են ամբողջ ցուցասրահը, անմիջապես համակում են ցուցասրահ մտնող այցելուին։ Հաշվի առնելով Սարյանի ապրած ծանր ու կորուստներով լի կյանքը՝ զարմանալի է թվում, թե ինչպես է նա կարողացել այդքան լույս ու հոգի դնել իր գործերի մեջ։ Տիկին Սարյանն ունի ինքնաբերաբար ծնված հարցի պատասխանը. «Սարյանական հոգևորը շատ հզոր է։ Նա միշտ մի սկզբունք է ունեցել՝ արևի պես լույս պարգևել մարդկանց ու երբեք չկորցնել հավատը։ Նրա կենսափիլիսոփայությունն ինձ շատ է օգնել ու օգնում։ Անգամ ավագ որդուն՝ Սարգիսին, կորցնելուց հետո նա կարողացավ վերագտնել իրեն ու, կրկին ձեռքը վերցնելով վրձինը, հավատարիմ մնաց իր պատգամին՝ ինչ էլ պատահի, չմարել հոգու արևը։ Եվ 91 տարեկանում՝ մահից մեկ տարի առաջ, նա այդ նույն փիլիսոփայությամբ ստեղծեց իր վերջին՝ «Հեքիաթը» կտավը»։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ