«Մենք մտածում ենք, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ»:

Նիկոլ Փաշինյան

«Մենք պետք է շարժվենք այն ուղղությամբ, թե որ պարագայում կունենանք պառլամենտ, որն իրոք կարտացոլի իրական քաղաքական դաշտը և միտված կլինի զարգացմանը»:

Վահրամ Բաղդասարյան

«Բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ եթե այդ հարցը չլուծվի, երկրում որեւէ այլ հարց չի լուծվելու: Եվ եթե որեւէ քաղաքական ուժ դեմ է, նշանակում է, որ այդ ուժն ուզում է, որ մեր ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ: Դա սխալ մոտեցում է: Խորհրդարանական ընտրությունները չեն կարող հերթական լինել»…

Նիկոլ Փաշինյան

 

«Շունչները պահած» մարդկանց սպասած ԱԺ ընտրություն…
Արտահերթ, սակայն «հերթի մեջ տանջվող» ԱԺ ընտրություն…
Շուտափույթ, սակայն «ո՜չ շատ շուտափույթ» ԱԺ ընտրություն…
Հրատապ, սակայն «իրա յուղի մեջ կամա՜ց տապակվող» ԱԺ ընտրություն…

 

Հեչ հույս չունեի, որ մեր ԱԺ-ն ինքն իր ձեռքով իրեն կարող էր լուծարել. լուծարեր՝ տեղում շատ սուր «լուծ կընկներ», հուզմունքի՛ց, չվերընտրվելու երկյուղի՛ց՝ էդկերպ ողջ քաղաքական դաշտը լրիվ կապականեր: Ու սիրտս ճիշտ էր վկայել, ու դեռ մի բան էլ՝ ավել. մինչև լուծարվե՛լն ինքը, «հուզմունքի՛ց» դրեց-ապականեց:
ՀՀԿ-ն ուզում էր շաժվել դեպի «իրական քաղաքական դաշտն արտացոլող պառլամենտ»: Այսինքն՝ ՀՀԿ-ն շարժվում էր… պառլամենտից լրիվ դուրս մնալու ուղղությամբ: Բայց եթե «իրական քաղաքական դաշտն արտացոլող» պառլամենտ էր ուզում, մի շատ հասարակ հարց էր ստեղ ծագում. «Ինչո՞ւ չէիք ուզում գնալ ընտրության՝ էդ  «իրականի» իրական պատկե՛րն էդպես կազմեիք»:
Բա իհա՜րկե: Հասարակ տրամաբանություն է. քաղաքական դաշտում «բանող ռանչպարը», որքան վարում է, այնքան ցանում է, որքան ցանում է, այնքան հնձում է, որքան հնձում է, այնքան ամբարում տեղավորում է: Ախ հա՜, ի՜նչ էիք ցանել, որ ի՜նչ հնձեիք, ի՜նչ բերք ու բարիք ստանայիք ձեր երկրի համար: «Երկրի համար 20 երկար տարի ձեր էդ հավաքած բերք ու բարիքի» թանկագին խաթեր ուղեղի ցնցում ստացած մուկն իսկ իր «ծանր» տեղը չէր թեթևացնի, մտներ էդ ամբար: Հույսներդ ի՞նչ էր. թե ժողովուրդը ձեզ ՀՅԴ-ից շա՞տ պիտի քվե տար:

ՀՀԿ-ն կո՞ղմ էր արտահերթ ընտրությունների:
Ի՞նչ իմանաս, եթե «ռանչպար» Էդիկն ասում էր՝ «Ես դեմ եմ դրան», «ռանչպար» Վահրամն ասում էր… Է ո՜վ հասկացավ, թե ինչ էր ասում «ռանչպար» Վահրամը: Նիկոլն էրկու անգամ էրկու ժամ հետները խոսեց, ինքն էլ չհասկացավ, թե ինչ են ասում և ինչ են ուզում: Փաստորեն ողջ ՀՀԿ-ն մի հավաքական Գալուստ է եղել, տեղյակ չենք եղել:
Առհասարակ, թե ի՜նչ են ասում, թե ի՜նչ են ուզում, անգամ իրենք չգիտեն: Գալուստին ավելի՛ հեշտ է ըմբռնել, քան ՀՀԿ տեսակետն արտահայտող այդ «տրիբուններին»:Արդյունքում՝ կրկին ապացուցեցեն, որ «գողականներն» են իրենց միջուկը. «գող՝ սիրտը դող» իրենց արարողակարգո՛վ, գողունի՛ «սխոդկի» հապճեպ նստեցին, «աբիզալովկա» տեղում ընդունեցին ու էդ «աբիզալովկեն ալամ աշխարհին քսիֆ ղրկած՝ իրենք վերստին լա՜վ պախկվեցին»… ու թե չգիտեն, թող իմանան՝ սրա՜ արդյունքում էլ՝ լրի՛վ սղվեցին քաղաքականությունից ու երկրի կյանքից:

Իսկ գուցե իրենք էլ հենց է՞դ էին ուզում. որ, մոռացած իրենց «գողական» լինելը, սկսեն գանգատ գրել ստեղ-ընտեղ, թե իրենց բռնի զրկեցին իրենց «շատ թանկ գնով» ձեռք բերած մանդատից, թե երկիրը մնաց առանց ընդդիմության: Բայց, ո՜վ «զրկվածներ», մանդատ տվողը ժողովուրդը չէ՞. գնացե՛ք իր քով, իրենից ուզե՛ք՝ թող ձեր պատկերից հիանա ու տա:
Հենց միայն այն, որ պառլամենտում նման մեծամասնություն ունենալով, դուք ընդդիմություն եք ձեզ հռչակում, արդե՛ն իսկ «հիանալի ու զարմանալի» ձեր պատկերն է ստեղծում:
Ինչ վերաբերում է հիմիկվա՛ ունեցած իրենց մանդատին, ապա էդ մանդատը եթե ժողովուրդն է տվել, ուրեմն ամերիկացիք էլ իրականում Լուսին են թռել…

Եթե ՆԱՍԱ-ն ու Նիլ Արմսթրոնգը պարտական են Սթենլի Կուբրիկին, ապա ՀՀԿ ֆրակցիան ու Վահրամ Բաղդասարյանը՝ թաղի տղերքին… Ճիշտ է, ՀՀԿ-ն ՆԱՍԱ-ի չափ էդքան ծախսի տակ չընկավ, բայց, մյուս կողմից էլ, մենք էլ Ամերիկան չենք:
Ինչ նորից վերաբերում է արտահերթ, բայց «ոչ էդքան շատ արտահերթ», շուտափույթ, բայց «ոչ էդքան շատ շուտափույթ ընտրություններ» ուզող ՀՀԿ (ու ինչո՞ւ միայն ՀՀԿ) խմբակցության նման պահվածքին, ապա դրան հայերենում «սեթևեթանք» հոյակապ բառով են միշտ բնորոշում:
Սեթևեթանքը կոկետությունն է, որը սազում է, ասենք, օր առաջ պսակվել ուզող օրիորդներին, սակայն չի սազում 10-ից 20 տարի ԱԺ աթոռին նստա՛ծ իրենց տարիքն առնող հասո՜ւն, ծանրաքա՜շ, ծանրաքա՜րշ կանանց ու տղամարդկանց: Մի քիչ էլ նստեն էդ աթոռներին, վախենամ, հանկարծ ԱԺ մեծ ստաժով մի հատ տնտեսվար էդ «ինվենտարը» մեխի աթոռին՝ մտածելով, թե անտիկվար ապրանք են, չգան, հանկարծ տանեն:

Այնպես որ, ժամանակն է եկել ձեր «ռոտացիայի»: Դավ ու խարդավանք, կռիվ սադրելով՝ բանի չեք հասնի: Ի՜նչ անենք դրսում հոկտեմբեր՝ դավի ամիսն է հայոց. հայ ժողովրդի «տառապանքն արդեն իր փո՜րձը ունի»: Ծանր քարերի պես ձեզ նետել էին հայոց առաջընթացի դարավոր ճամփին, հիմա պետք է այդ քարերն հավաքել. եկել է քարերը հավաքելու շատ վաղուց սպասված ճիշտ ժամանակը…
…ՀՀԿ ԳՄ-ն իր նիստում բացեց արտահերթ ընտրության գնալ-չգնալու պայքարի հաշիվը, իսկ Նիկոլը, սրճարանի հաշիվը փակելու հետ, նաև էդ բացած հաշիվը փակեց. «Գնա՛լ, ընդսմին՝ շուտափո՛ւյթ»: Իսկ մյուս գիշեր էլ բացած հաշիվը վերջնականապես ԱԺ-ում ջրեց. ժողովրդի հետ մի հատ ընդամենն էդ տեղերքով առայժմ… անցավ:
Այսուհետ օրվա ռեժիմն այսպիսին է. կամ ընտրության են բոլորով գնում, կամ ամեն մի պատգամավորի ամեն օր գործի գնալիս ժողովուրդն է հոգատար ուղեկցում, մանավանդ որ այլևս ԱԺ-ն դառնում է բաց ու դռնբաց, «հյուրասեր օբյեկտ»: Օրենքով՝ ՀՀԿ-ն նույնպես դրան պիտի լրիվ համաձայն լինի. չէ՞ որ ինքը նույնպես փափագում էր այն օրը, երբ, նորից մեջբերեմ «ռանչպար» Վահրամին, «կունենանք պառլամենտ, որն իրոք կարտացոլի իրական քաղաքական դաշտը և միտված կլինի զարգացմանը», ի՜նչ անենք, որ էդ նոր պառլամենտում իրենք շա՜տ-շա՜տ էնքան մանդատ ունենան, որքան այսօր… Արթուր Բաղդասարյանը: Ավա՜ղ, նույն բախտն է այսուհետ սպառնում նաև շատերին:
Ի՜նչ ասեմ, Նիկոլից օրինակ վերցրեք, զրոյից սկսեք, նորից ձեզ համար վարկ ու վարկանի՛շ, կարո՞ղ եք, ստեղծեք: Թեպետ էդ նույնն է, ինչ կարմիր կովին ասես՝ վաղն էլ քեզ էսպես կարմիր չտեսնե՛մ… Իսկ Ահարոնն էլ թարսի պես կորավ, որ սոցիոլոգիական հարցում մի գիշերվա մեջ աներ ու ասեր, թե «մի գիշերում լրիվ սպիտակել եք»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ